▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան մյուս ուժերը․ Պարույր Հայրիկյան

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԱՄՆ-ում ազատազրկված Վարդան Ղուկասյանի՝ Դոգի գլխավորած կուսակցության հետ դաշինքով, ինչը շատերի զարմանքը հարուցեց։ Ըստ Հայրիկյանի, պատճառն այն է, որ իրենց առաջարկած ծրագրային դրույթներին համաձայնել է միայն այդ քաղաքական ուժը։ «Հրապարակը» զրուցել է Հայրիկյանի հետ:

- Ինչպե՞ս ստացվեց այս տարօրինակ տանդեմը։

- Մենք հայտարարել ենք, որ քանի որ ունենք ժողովրդավարության բացարձակ նախագիծ, որը քաղաքակրթական ամենաբարձր ձեռքբերումն է հանրային կյանքում, մենք այսպիսի խուժան ընտրություններում` Սերժի եւ Նիկոլի սահմանադրությամբ ընտրություններին չենք մասնակցի: Միակ դեպքը, որ կարող է մեզ տրամադրել՝ մասնակցելու ընտրություններին, այն է, որ բացարձակ ժողովրդավարության սկզբունքների արմատավորման համար կգոյանա դաշինք: Մենք հայտարարեցինք, որ ցանկացած ուժ կարող է արձագանքել, արձագանքեց բացառապես ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լեւոն Բաղդասարյանը: Դրանից հետո մենք քննարկում իրականացրինք, եւ ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ պետք է մնանք մեր խոսքին հավատարիմ: ԴՕԿ-ը եկավ ընդառաջ, մենք էլ համաձայնեցինք: Այնպես չէ, որ աթոռի համար բանակցել ենք: Մեզ համար միայն մեկ խնդիր կա` Հայաստանը դարձնել հայերին համապատասխան երկիր, այն դարձնելով ժողովրդավարական պետություն` քաղաքակրթական լուծումներով: Աշխարհի բոլոր պետությունների համար մենք պետք է օրինակ դառնանք` իրավահավասարության հարցում….

- Բայց Վարդան Ղուկասյանը հայտնի է իր անթույլատրելի, ոչ եթերային հայհոյանքներով, նա ոչ մեկին չի խնայել, մտել է մարդկանց ընտանիքներ` կին, երեխա է հայհոյել, նման մարդու հետ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, այն էլ` քաղաքակրթական հարցեր լուծելը…. Ձեզ համար ընդունելի՞ է այդ անպարկեշտ բառապաշարը:

- Իհարկե, այդ ամենն ինձ համար ցանկալի չէ, սակայն դա այնքան էլ կարեւոր չէ: Ես չեմ պատրաստվում այլ չափորոշիչներով առաջնորդվել: Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանի մնացած բոլոր քաղաքական ուժերը:

- Ինչո՞վ է նրա մակարդակը բարձր մյուսներից:

- Նրանք չհասկացան, որ քաղաքացուն երկրի տերը դարձնելն ամենագլխավորն է: Մենք հո չե՞նք գնում ԴՕԿ-ի հետ ամեն բան կիսելու: Ես իմ նկարագրի տերն է, մյուսը` իր: Մեզ ոչ մեկը ոչինչ չի պարտադրում, մենք էլ այլոց ոչինչ չենք պարտադրում: Մեր գլխավոր նպատակն այլ է: Ունենք սկզբունքային մոտեցում:

- Իսկ ովքե՞ր են միանալու ձեզ:

- Տարբեր մարդիկ` ուժեր են դիմում, առաջարկում միանալ մեզ, սակայն ես չեմ խորացել: Մեզ երկրորդական հարցերը չեն հետաքրքրում: Վարդան Ղուկասյանը, իր պահվածքով հանդերձ, մնում է արդարության ջատագով: Բայց ես, որպես ԱԻՄ շտաբի պետ, գործ ունեմ ԴՕԿ կուսակցության շտաբի պետի հետ` այս պահին:

- Ասում եք, որ այդ հայհոյախոս մարդն ազնվության եւ արդարության ջատագով է, սակայն նրա ղեկավարած ուժի շնորհիվ 2023 թվականին Տիգրան Ավինյանը դարձավ Երեւանի քաղաքապետ:

- Դուք ինձ տանում եք մի դաշտ, որն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:

- Բայց ինչպե՞ս չի հետաքրքրում: Գուցե այս ընտրություններից հետո էլ իրենց ձայները նվիրեն Նիկոլ Փաշինյանին, այդպիսի մեկ փորձ արդեն ունեն:

- Մենք գնում ենք մեր առաջնահերթության հետեւից, եթե մեր առաջնահերթությանը դեմ ինչ-որ քայլ կանեն, մենք կխոսենք այդ ժամանակ: Երբ հայրենիքի պաշտպանության համար գնում ենք միասնության, հո չե՞նք ասելու` բա գիտեք, անցած անգամ այսինչ բանն եք արել: Երբ կա բարձր ստրատեգիական նպատակ, չես քննադատում, չես մեղադրում, այլ գնում ես գերնպատակի հետեւից:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին