ՀՀԿ խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն կայացած է համարում.
«Ունենք կոնկրետ թվեր և փաստեր և այն աղմուկը, որ կար մինչ հանրաքվեն, ինչպես մենք ավելի վաղ էինք ասում՝ շինծու էր, դա են փաստում օրինակ՝ գրավոր բողոքները, որոնց թիվը շատ քիչ է: Ո՞ւր են բողոքները: Ժողովուրդը հստակ իր դիրքորոշումը հայտնել է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով.
«Հանրաքվեից հետո, բնական է՝ կունենանք Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա ունենալ ավելի թափանցիկ ընտրություններ»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին էլ հետաքրքրում էր, թե մարդիկ ո՞ւմ պետք է բողոքեին.
«Ո՞ւմ բողոքեն մարդիկ: Նրանք ինչի՞ց են ձեռք քաշել: Քաղաքական ձեր հակառակորդներին դուք ուղղակի ոչնչացրել եք: Ասացիք՝ կբամփենք ու արեցիք: Դրանից հետո էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Կարևոր է ձևավորել հաշվիչ համակարգ, որը մեզ մոտ շատ անվստահելի է: Հայաստանում ոչ թե ժողովրդավարական, այլ իշխանական ռեսուրսները տիրապետող ուժի դակում է լինում: ՀՀ-ում ոչ մի անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունենում, իսկ երբ ասում ենք ժողովրդավարություն, ապա հասկանում ենք պարբերաբար իշխանության փոփոխություն: Ձանձրացրած անձնավորությունները պետք է փոխվեն: Իսկ այս հանրաքվեն իրականում իշխանությանը վստահություն հայտնելու փորձ էր ու պարզվեց, որ երկիրը, որտեղ շատ բաներ ձախողվել են, ստանում է ժողովրդի վստահությունը: Դա նշանակում է, որ հանրաքվեն կեղծված է, ժողովրդի ձայնը չէ: Իշխող վերնախավը ինքն իրեն նշանակեց արդեն նոր կանոնադրությամբ»,-նկատեց Ազատ Արշակյանը:
Անի Կարապետյան