ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Նախագահի նստավայրում հանդիպում էր ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, հետ, հանդես էր եկել ելույթով, անդրադարձել էր նաև Արցախի խնդրին՝ ասելով «Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է:
Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»:
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ տեղին չէ ոչ միակողմանի կամ միակողմանի զիջումների մասին խոսելը. «Ամենաճիշտ ճանապարհն այն է, որ ոչ մի զիջումների գնալու մասին չհայտարարվի՝ մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը, չհամաձայնի շփման գծում համապատասխան սարքերի տեղադրմանը, շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը: Իսկ ՀՀ նախագահի ելույթից հասկանում եմ այսպես, որ եթե Ադրբեջանը ինչ-որ զիջումների գնա, մենք համաձայն կլինենք: Ես դա այսօր ճիշտ չեմ համարում:
Չկա իրար հավատալու մթնոլորտը: Ասենք Ադրբեջանն ասում է, որ համաձայն է Արցախում հանրաքվե անցկացվի, մենք ասում ենք, լավ համաձայն ենք տարածք տալ: Նա էլ, թե տո՛ւր, հանրաքվեն կանցկացնենք: Ես Ադրբեջանի ոչ մի քայլի չեմ հավատում: Սերժ Սարգսյանի ելույթի այս դրվագը վտանգներ է պարունակում: Սրանով պարզ է դառնում, որ այո՛, գնում է գործընթաց, որի շրջանակում քննարկվում են հայ ժողովրդի կողմից զիջումների գնալու հարցերը»,-անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշեց քաղաքագետը:
Անի Կարապետյան