ՍԴ-ում շարունակվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ կետերի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության երկրորդ փուլը: Որպես պատասխանող կողմ հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ մի շարք հարցերի համար չի կարողանում պատասխաններ գտնել՝ հարցեր ուղղելով նախարարին :
ՍԴ նախագահի խոսքով՝ Կուտակային կենսաթոակի սխեմայի շրջանակներում մուծվող գումարը նվազեցվող եկամուտ է համարվում և հարկվում է, նվազեցվող եկամուտ է համարվում նաև պետության կողմից հարկ վճարողների համար կատարված կուտակային պարտադիր վճարը իսկ հարկ վճարողի կողմից կատարված պարտադիր վճարը չի հարկվում:
Ի պատասխան այս դիտարկմանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սա աշխարհում ընդունված երեք մոդելներից մեկն է:
«Տվյալ դեպքում մենք ընդունել ենք հետևյալ մոտեցումը, որ գումարը հարկվում է սկզբից: Պարտադիր կուտակային վճարը գանձվում է բազային եկամտից՝ առանց եկամտային հարկը հանելու: Սա ընդունված մոտեցումներից մեկն է, որ գումարը, եկամուտը սկզբից հարկվում է, իսկ հետագայում ներդրումներից եկող եկամուտները չեն հարկվում: Գոյություն ունեն այլ մոդելներ ևս: Մենք կարծում ենք, որ մեր կողմից ընդունվածը շատ ավելի արդյունավետ է՝ եկամտաստեղծ գործունեության տեսանկյունից»:
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձերին՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ հարցը փորձելու է ձևակերպել հնարավորինս հստակ՝ 45 000 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողն ի՞նքն է պատադիր կուտակայինը վճարելու, թե գործատուն:
Նախարարը, պատասխանելով հարցին, նշեց, որ կուտակային պահումները վերաբերվելու են նաև նվազագույն ախատավարձին, ապա անդրադարձավ նվազագույն աշխատավարձի ինստիտուտի փոփոխություններին: Նրա խոսքով՝
«Նախկինում նվազագույն աշխատավարձը նվազեցվում էր եկամտից, ապա կատարվում էր եկամտահարկի վճարում: Այս մոտեցումը մեր գնահատմամբ անհավասար պայմաններ էր ստեղծում 2 տարբեր գործատուների մոտ նվազագույն աշխատավարձով աշխատող անձանց համար:
Մենք այսօր դեռևս ունենք աշխատող աղքատներ երևույթը: Հայաստանում նվազագույն աշխատավարձը զերծ է հարկերից, իսկ պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, դա անձի հետաձգված աշխատավարձն է»:
Գագիկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց՝ իր համար պարզ է, որ Կառավարությունն այսօր օրենսդրական լուծումն իրականացրել է այն եղանակով , որ վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։