▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Օսկանյան, մի զարմացեք, ինչ ցանել, այն էլ հնձում եք

Որքան հիշում եմ՝ 2006 կամ 2007 թիվն էր: Ես դեռեւս ԱԺ պատգամավոր չէի, իսկ Վարդան Օսկանյանը ԱԳ նախարար էր: Ռումինիայի Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունները անձնական հրավեր էին ուղարկել ինձ մասնակցելու ՆԱՏՕ-ի եւ իրենց համատեղ միջոցառմանը: Այն բացառապես վերաբերում էր Ռումինիա-ՆԱՏՕ հարաբերություններին, գործողությունների ծրագրի իրականացմանը:

Թերեւս, Հայաստանից հրավիրվածիս համար այն ավելի շատ ուսուցողական նշանակություն ուներ՝ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը նոր-նոր էր ստորագրվել Հայաստանի հետ: Մեկ հրավեր էլ ստացել էր Հայաստանի ԱԳՆ-ը: Փաստորեն, Հայաստանից երկու մասնակից պետք է լիներ. ես՝ որպես փորձագետ, եւ մեկը ԱԳՆ-ից:

Երբ գնացի Ռումինիայի դեսպանություն վիզայի համար, երկու ընկերներս (մեկը դեսպանի պաշտոնակատար, մյուսը՝ հյուպատոս) դիմավորեցին ծիծաղը դեմքներին: Մինչ ես բառ կասեի, նրան հարցրեցին. «Ստեփան, ի՞նչ խնդիր կա ձեր եւ ԱԳՆ-ի միջեւ»: Պատասխանեցի՝  «ոչ մի»: Ապա մի այնպիսի բան հայտնեցին, որիից հետո ականջներիս չէի հավատում. ասացին՝ «Գիտե՞ս, որ ձեր ԱԳՆ-ը քո մասնակցությունը անցանկալի է համարել այդ միջոցառմանը եւ նոտա է հղել մեզ»: Զարմանքից քար կտրած հարցրեցի. «Եւ դուք ի՞նչ եք պատրաստվում անել»:

Դիվանագետ ընկերներս ժպտալով պատասխանեցին. «Պատրաստվում ենք վիզադ արագ ձեւակերպել ու քեզ հանձնել ինքնաթիռթիդ տոմսերը: Ձեր նախարարը տեղը չի բերում, որ սա մեր միջոցառումն է, մեր հրավերն է, Դուք մեր հյուրն եք, եւ մենք ենք որոշում»: Ռումինիայի դեսպանատնից դուրս եկա տխրած, մեծ ամոթով, որ ինձ պաշտպանել է այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն, մինչդեռ իմ սեփական ԱԳՆ-ը փորձել է իմ ճանապարհը փակել.... Ես գնացի Բուխարեստ, ինձ փառահեղ դիմավորեցին, ճանապարհեցին, ու այս ամոթի մասին երբեք չպատմեցի: Եւ այժմ չեմ կարող այն չպատմել, երբ նույն Վարդան Օսկանյանը դարձել է իր իսկ դավանած խաղի կանոնի դաժան զոհը... Տխուր եմ, որ իմ երկրում այս արատավոր պահվածքը այդպես էլ չի փոխվել: Բայց գտնում եմ, որ ամեն մեկը, այդ թվում Վարդան Օսկանյանը պետք է վճարեն իրենց մեղքերի համար: Հետեւաբար, պարոն Օսկանյան, մի զարմացեք, ինչ ցանել, այն էլ հնձում եք: Ի դեպ, հանուն արդարության ասեմ, ներկաները ինձ հետ դեռեւս այդպես չեն վերաբերվել, ինչպես Դուք.... դեռեւս...

Ստյոպա Սաֆարյան

Կարդացեք նաև` Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար.Վարդան Oսկանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին