Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ, կեսգիշերին մոտ, Երևանի Տերյան փողոցում գտնվող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում տեղի ունեցած վեճի ժամանակ կտրող-ծակող առարկայից պատճառված կրծքավանդակի թափանցող վնասվածքով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված` 1975-ին ծնված Արման Փարսադանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Արման Փարսադանյանն աշխատում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականն էր: Ըստ տեղեկությունների` նա նաև Տերյան փողոցում գտնվող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի մենեջերն էր:
«POULANER» ռեստորանային ցանցը, որի մի գարեջրատունն էլ գտնվում է Կասկադում, պատկանում է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին. դեռևս 2012-ի հունիսին` Հիմնադրամի լրատվական ծառայությունից Asekose.am-ի հարցմանն ի պատասխան նշել էին, որ նա 23,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ռեստորանում, որի սեփականատերերը 4-ն են (մնացած երեքի անունները չեն նշվել):
Նշենք, որ , ըստ galatv.am-ի, դանակահարողը եղել է ոմն Ա. Օհանջանյան:
Asekose.am-ը ցավակցում է Արման Փարսադանյանի ընտանիքին ու հարազատներին:
Լուսանկարում` «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն է