Ս.թ. հունիսի 25-ին որոշ լրատվական կայքերում տեղ է գտել անանուն հեղինակի կողմից գրված Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության վերաբերյալ հոդված,որն ամբողջությամբ ապատեղեկատվություն և զրպարտիչ լուրեր է տարածում կազմակերպության մասին:
Մենք հարկ ենք համարում անդրադառնալ հոդվածի ստահոդ տեղեկատվությանը, լավ հասկանալով, որ այդ հոդվածի նպատակն ամենևին էլ Օրրանի մասին անաչառ տեղեկատվություն տրամադրելը չէր:
- Հոդվածի սկզբում «անանուն հեղինակը» գրում է. «Ր. Հովհաննիսյանը «Օրրան Գրիգորյան կենտրոնի» ղեկավարին հրահանգել է, որպեսզի բարեգործական կազմակերպության գործունեությունը ներկայացնելիս դրա անվան մեջ չնշվի «Գրիգորյան կենտրոն» անունը: Սրանով Ր. Հովհաննիսյանը նպատակ ունի կազմակերպության կողմից իրականացվող բարեգործությունը վերագրել միմիայն իր ղեկավարած «Օրրան» հիմնադրամին և «Ժառանգություն» կուսակցությանը՝ ի դեմս իրեն»:
Ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Լուսանկարում պատկերված է Վանաձորի Օրրան Գրիգորյան կենտրոնի շենքը, որի համար Գրիգորյաննների առատաձեռն ընտանիքը նվիրաբերել է շենքի արժեքի 20 տոկոսը: Ինչպես երևում է նկարում` Գրիգորյան ազգանունը տեղադրված է շենքի ճակատային մասում` հենց ամենատեսանելի հատվածում:
Ես եմ հանդիսանում «Օրրան» բարեգործական կազմակերպության տնօրենը և ես եմ զբաղվում կազմակերպության կառավարչական աշխատանքներով, իսկ ամուսինս` Րաֆֆին, չնայած լինելով հիմնադիր, չի մասնակցում կազմակերպության կառավարչական աշխատանքներին և չի միջամտում կազմակերպության գործունեությանը:
- Այնուհետև «անանուն հոդվածագիրը» շարունակում է. «Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ր. Հովհաննիսյանը փորձում է «Ժառանգություն» կուսակցությանը վերագրել նաև հայազգի ռոք երաժիշտ Թանկյանի ֆինանսավորմամբ «Օրրան. Գրիգորյան կենտրոնում» Վանաձորի անապահով տարեցների համար իրականացվող «Տաք սնունդ» ծրագիրը» :
Մեզ համար մեծ պատիվ է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որն իր տիկնոջ` Անժելայի հետ, իր աջակցությունն է բերում հայրենիքի և սփյուռքի հազարավոր կազմակերպություններից մի քանիսին, իր ցանկի մեջ ներառել է նաև «Օրրանը», որի համար մենք երախտապարտ ենք նրան:
Չնայած որ երաժիշտը համեստորեն նշել է չընդգծել այդ օգնությունը, այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք հղումներից մի քանիսը, որոնցում իմ կողմից տրված հարցազրույցներում անդրադարձ է կատարվել Սերժ Թանկյանի կողմից տրամադրված օգնությանը:
2.armenpress.am
3.aravot.am
4. yerkir.am
5.panorama.am
6.lrahos.com
7.slaq.am
8. asbarez.com
- «Անանուն հեղինակը» շարունակում է. «Պարզվում է , որ վերջերս «Օրրան. Գրիգորյան կենտրոնի» տնօրենը անապահով ընտանիքների երեխաների մկրտությունը կազմակերպելու համար դիմել է Լոռու մարզի պետական պաշտոնյաներին ու գործարարներին, ինչի արդյունքում հավաքվել է մոտ 2 մլն դրամ գումար: Սակայն արդյունքում «Օրրանը» երեխաների մկրտության արարողության համար ծախսել է ընդամենը 300.000 դրամ, իսկ մնացածը անձամբ Արմենուհի Հովհաննիսյանի ցուցումով ուղարկվել է իրեն՝ Երևան»:
«Օրրանը» ոչ միայն օրինակելի բարեգործական կազմակերպություն է, այլ այն նաև նոր մշակույթ է ձևավորում բարեգործության բնագավառում, որի առանցքային կողմերից մեկը բարեգործության համար դրամական միջոցներ հայթհայթելն է: Ոչ միայն սփյուռքի, այլ նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցները նույնպես պետք է մասնակցություն ունենան բարեգործական ձեռնարկներին: Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի հետ Օրրանի համագործակցությունը միակողմանի չէ: Օրրանը բազմաթիվ անգամներ է անհատույց հարմարավետ տարածքներ տրամադրել մարզպետարանին` միջոցառումներ կազմակերպելու համար: Իսկ ինչ վերաբերվում է այն տեղեկատվությանը , որ այդ միջոցառման արդյունքում հավաքվել է 2 մլն դրամ, իսկ ծախսվել է ընդամենը` 300 000 դրամ, ապա այն նույնպես չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք, որ այդ միջոցառումից հավաքվել է ընդամենը 540 000 դրամ, որից մկրտության համար ծախսվել է 300 000 դրամը, իսկ մնացածը` որպես ֆինանսական օժանդակություն կուղղվի այդ երեխաների դպրոցական ծախսերը հոգալուն:
- Այնուհետև «անանուն հեղինակը» շարունակում է իր ապատեղեկատվությունը Օրրանի սաների մկրտության արարողությունից ստացված եկամուտների տնօրինման վերաբերյալ այսպես. « իսկ մնացածը անձամբ Արմենուհի Հովհաննիսյանի ցուցումով ուղարկվել է իրեն՝ Երևան»:
Ինչպես բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն մասնաճյուղեր մարզերում, «Օրրանն» էլ իր բոլոր ֆինանսական գործարքները, դրամական մուտքերը և ելքերը իրականացնում է կենտրոնական գրասենյակից, որը գտնվում է Երևանում: Վանաձորի Օրրանին ուղղված դրամական միջոցները մտնում են Երևանի գրասենյակ և ծախսերը նույնպես կատարվում են Երևանի գրասենյակից:
- Նույն կերպ «անանուն հեղինակը» շարունակում է. «Արմենուհի Հովհաննիսյանին է ուղարկվել նաև «Օրրանի» սաներին Ուռեկի տանելու նպատակով հավաքված գումարի մի մասը»:
Մեզ Ուռեկի անունը ծանոթ է այնքանով, որքանով որ անցյալ տարի «Օրրանի» 5 սաներ «Բաց հասարակայնության ինստիտուտի» ֆինանսավորմամբ հրավիրվել էին այդ հանգստավայր` իրենց ամառային հանգիստն անցկացնելու համար: Օրրանի սաներն Ուռեկիում եղել են հյուրի կարգավիճակով, իսկ «Օրրան» կազմակերպությունը ընդհանրապես չի մասնակցել այդ կապակցությամբ ոչ մի ֆինանսկան գործարքի:
- Իր հաջորդ միտքը «անանուն հեղինակը» ձևակերպվում է այսպես. «Հովհաննիսյանների կողմից բարեգործական կազմակերպությունը նման կերպով ղեկավարելու գործելաոճը խիստ դժգոհություն է առաջացրել Վանաձորի «Օրրան. Գրիգորյան կենտրոնի» ղեկավարության ու աշխատակիցների շրջանում:
Այդ դժգոհությունը կրկնապատկվել է նաև այն պատճառով, որ կենտրոնի աշխատակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց «Օրրան» հիմնադրամից ստանում են անհամեմատ ցածր աշխատավարձ, այն էլ՝ ուշացումներով:
Մենք ուրախ ենք, որ բացի այն օգնությունից, որը «Օրրանը» տրամադրում է Վանաձորի շուրջ 83 երեխաներին և 31 տարեցներին , միաժամանակ մենք կարողացել ենք նաև հարմարավետ աշխատատեղեր ստեղծել ավելի քան 17 վանաձորցիների համար, որոնք ստանում են պատշաճ աշխատավարձ` ըստ իրենց հաստիքների և առանց ժամկետային ուշացումների:
«Օրրան» բարեգործական կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Օրենսդրության շրջանակներում: Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի աուդիտորական ստուգումներ է անցնում աշխարհում հայտնի և հեղինակավոր Grant Tհornton աուդիտորական կազմակերպության կողմից: Իսկ այդ ստուգումների համառոտ հաշվետվությունները տեղադրվրում են կազմակերպության վեբ կայքում` www.orran.am:
Ցավալի է, որ այսօր վերացել են բոլոր արժեքները և անանուն հեղինակերն իրենց ապրուստը պետք է հայթհայթեն ապատեղեկատվություն տարածելով: Լավ կլիներ, որ մեր այս փոքրիկ հայրենիքում պահեինք գոնե որոշ արժեքներ և վեր դասեինք դրանք քաղաքական և անձնական շահարկումներից:
Արմինե Հովհաննիսյան
Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության
հիմնադիր տնօրեն