▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները. Հայր Ասողիկը՝ Հ1-ին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․
«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք «Առաջին ալիք»-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Թարմացված․ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենևին տարօրինակ չէ, որ նիկոլական Հ1-ը հրաժարվել է կեսգիշերից առաջ հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը։ Ամենևին տարօրինակ չէ, քանի որ նիկոլիզմն ի բնե հակադիր է ամենայն հայկականին՝ հայոց հայրենիքին, հայոց պատմությանը, հայոց եկեղեցուն, մեր հերոսներին ու սրբություններին։
Նիկոլիզմը հայկականության թշնամին է, սա է փաստը։ Ողջ-առողջ»:

Թարմացված․ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինքը իմ հոգևոր առաջնորդն է:
Առաջին անգամ 2015-ին եմ իր ձեռքի զորությունը գլխիս զգացել...
Վեհափառ, կարգադրիր զանգերը հնչեցնել»:

Թարմացված․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է:
Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր` Վազգեն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորյա ուղերձները կեսգիշերից առաջ հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությամբ, ինչը մշտապես յուրահատուկ հոգևոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի հայերի համար:
Այս ամոթալի որոշումից հետո էլ Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկություններ: Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:
ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Այնպես որ, Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի` դիտավորյալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամոթի մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ընդդեմ Մայր Աթոռի:
Սա ոտնձգություն է հայ ժողովրդի արժեքների և մեր ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ: Այն անարգանք է մեր պատմության նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։
Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության քարոզիչ լինելու իր ամոթալի «առաքելությունը»»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին