▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վքեր են արժանացել «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության «Ապակե աղյուսների»

Դեկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում Հայաստանում առաջին անգամ կայացավ «Տուն տեղ դիզայն 2023» Մրցանակաբաշխությունը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել ինտերիեր և էքստերիեր դիզայնի, հայկական ճարտարապետության, ժամանակակից արվեստի և հարակից ոլորտների ներկայացուցիչների։

Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ, հայկական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի ու մշակույթի մի շարք հանրային դեմքեր։ Իսկ դահլիճը լեփ-լեցուն էր. հրավիրված էր 300 հյուր, բայց ներկաների թիվն անցնում էր 670-ը, ինչը խոսում է «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության շուրջ առաջացած հետաքրքրության մասին։

Ի դեպ, «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխությունը նվիրված էր Երևանի հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին։ Այդ առթիվ մրցանակաբաշխության կազմակերպիչները Թամանյանի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմ էին պատրաստել։

Տեղական և արտերկրյա հեղինակավոր մասնագետներից կազմված անկախ փորձագիտական հանձնաժողովը, մասնագիտական բուռն քննարկումների արդյունքում, 300-ից ավելի հայտ ներկայացրած մասնակիցներից առանձնացրել էր լավագույններին, որոնք երեկոյի ընթացքում արժանացան «Տուն տեղ դիզայն» մրցանակաբաշխության արտասովոր ծանր, բայց յուրահատուկ «Ապակե աղյուս» մրցանակների։

Թեպետ մրցանակների արժանացողները դերասաններ ու երգիչներ չէին, բայց «Տուն տեղ դիզայն 2023»-ը իր ստեղծագործական մտքի թռիչքով չզիջեց մշակութային մրցանակաբաշխություններին։ Երեկոն լի էր անակնկալներով, անկեղծ զգացմունքներով ու հույզերով։ Մրցանակաբաշխության հանձնախմբի անաչառ որոշումների արդյունքում մրցանակակիրները նախ անակնկալի էին գալիս, նույնիսկ հուզվում բեմում։ Իսկ հանդիսատեսի արձագանքները փաստում էին, որ ինտերիեր դիզայնի ու ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներն էլ ոչ պակաս ճանաչում են վայելում հանրության կողմից։ Ընդ որում՝ դահլիճը մրցանակակիրների ընտրության հարցում, կարծես թե, համակարծիք էր, քանի որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի անունը հնչեցնելիս վերահաստատում էր, որ արժանի են: Անգամ՝ շշուկներով միմյանց հետ մտքեր փոխանակելիս՝ շեշտում էին, որ ընտրությունը ճիշտ է կայացված, իսկ «Տուն տեղ»-ն այն եզակի անաչառ մրցանակաբաշխություններից է, որի արդյունքները գոհացնող են։

Այսպիսով, «Տուն տեղ»-ի «Ապակե աղյուս» հատուկ մրցանակները 16 անվանակարգերում հաղթող մասնակիցներին հանձնեցին տարբեր ոլորտների անվանի ու հանրային դեմքեր։ «Տարվա լավագույն դիզայներ» անվանակարգում «Ապակե աղյուս» մրցանակը տրվեց Զոհրաբ Զուրաբյանին՝ «Զաարթ» ճարտարապետական արվեստանոցին։

«Տարվա լավագույն ճարտարապետ» մրցանակը տրվեց Արտակ Կնյազյանին՝ «Արխանգել» ճարտարապետական արվեստանոց։

«Տարվա լավագույն էկո դիզայն» համարվեց UNDP/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։

«Տարվա լավագույն սմարթ դիզայն» ճանաչվեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը։

«Տարվա լավագույն հայկական դիզայն» մրցանակը բաժին հասավ դիզայներ Արևիկ Գրիգորյանին՝ «Օ-սոլեյլ Դիզայն» ընկերությանը։

«Տարվա լավագույն Հոռեկա դիզայն» անվանակարգում մրցանակը տրվեց Միքայել Կառսյանին՝ Իմիջմեն ճարտարապետական և դիզայներական արվեստանոց։

«Տարվա լավագույն դիզայն ստուդիո» համարվեց Արամ Դանիելյանի «Արմատ ինտերիեր և ճարտարապետություն» արվեստանոցը։

«Տարվա լավագույն ցուցասրահ» մրցանակը տրվեց Արմինե Անտիկյանի «Անտիկյան ցուցասրահին։

«Տարվա հայտնություն» անվանակարգում լավագույնը համարվեց Տաթևիկ Գյուլխասյանը՝ «Թինկ» ճարտարապետական արվեստանոց։

«Տարվա լավագույն կառուցապատող» մրցանակը տրվեց Ավետիս Խախամյանին՝ Խախամյան Հերիթեյջ կառուցապատող ընկերությանը, Ամանու բնակելի թաղամասի համար։

«Լավագույն հրավիրված դիզայներ» ճանաչվեց Ելենա Կրիլովան։

«Տարվա լավագույն կին դիզայն ինֆլյուենսեր» համարվեց Ռոզա Սամվելյանը՝ «Ճարտարապետ» տարեգիրք։

«Իտալական դիզայնի դեսպան» համարվեց Միքելանջելո Տուրկոն։

«Տարվա Լավագույն միջոցառում» ճանաչվեց «Ֆուտուրիս» Ճարտարապետական արվեստանոցը՝ «Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց» միջոցառման համար։

«Տուն Տեղ հեռուստանախագծի հավատարիմ գործընկեր» անվանակարգում լավագույնը դարձան «ՊրոֆԱլ» և «Լիվինգս» ընկերությունները։

Իսկ «Տուն Տեղ նախագծի հեռուստադիտողների կողմից ամեննից շատ սիրված մասնակից» անվանակարգում մրցանակը տրվեց Լիդիա Սարիբեկյանին՝ «Նարեկ» ընկերություն։

Ավարտին, բոլոր մրցանակակիրներն արժանացան բազմաթիվ այլ նվերների՝ «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության գործընկերների կողմից։ Իսկ գլխավոր գործընկերներն էին՝ «Օնեքս», «Ադոր» և «Նարեկ» ընկերությունները, ինչպես նաև՝ Հայ գործարարների միությունը։

«Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության մտահղացումը հայկական հեռուստատեսությունում արդեն 5 տարի իր ուրույն տեղն ունեցող «Տուն տեղ» հեռուստանախագծի հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանինն է։ Ըստ նրա, մրցանակաբաշխության ստեղծման նպատակն է ձևավորել յուրահատուկ հարթակ՝ ոլորտի ներկայացուցիչների համար։

 

«Հայաստանում օր օրի զարգանում է ժամանակակից ճարտարապետությունն ու ինտերիեր ու էքստերիեր դիզայնը: Այս օրերին հատկապես մեր երկիրը կառուցապատման բում է ապրում, ուստի՝ շատ կարևոր է ճիշտ վերահսկել, մոտիվացնել ոլորտի լավագույններին, փորձի փոխանակման համար ստեղծել համապատասխան միջավայր՝ արտերկրի անվանի ու խոշոր ճարտարապետական արվեստանոցների ու դիզայներների հետ։ Հայաստանում այս կարևոր ուղղությունը, ինչպիսին ճարտարապետության ու դիզայնի ոլորտն է, պետք է ճիշտ ճանապարհի վրա գտնվի, իսկ ոլորտի լավագույն ներկայացուցիչները՝ չմնան ստվերում»,- ասում է «Տուն տեղ դիզայն» մրցանակաբաշխության մտահղացման հեղինակ Կարեն Գրիգորյանն ու ընդգծում, որ այս ամենը մրցանակաբաշխությունով չի ավարտվելու։ Ավելին՝ ստեղծվել և արդեն գործում է TT design awords կայքը, որտեղ մուտք գործելիս կգտնեն «Տուն տեղ դիզայն» մրցանակաբաշխության մասին։

«Այսօրվանից արդեն «Տուն տեղ դիզայն 2024» մրցանակաբաշխությանը անվանակարգվելու համար ցանկացողները կարող են հայտեր ուղարկել»,- հայտարարեց Կարեն Գրիգորյանն ու տեղեկացրեց. «Հաջորդ տարի նախատեսում ենք դիզայներներից ու ճարտարապետներից զատ, մրցանակաբաշխության ցանկում ընդգրկել նաև շինարարական ընկերություններին»։

Կ. Գրիգորյանը նաև նշեց, որ «Տուն տեղ դիզայն»-ը չի սահմանափակվելու միայն մրցանակաբաշխությամբ և տարվա ընթացքում կազմակերպելու է հանդիպումներ  դիզայներների ու ճարտարապետների հետ. «Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու է այսօր ոլորտում առկա խնդիրները՝ փոփոխությունների և առաջարկների ձևաչափով»։

Հավելենք, որ 2024 թվականի հունվարի 1-ին կավարտվի «Տուն տեղ» հեռուստանախագծի աշնանային եթերաշրջանը, իսկ գարնանայինը՝ կմեկնարկի արդեն մարտ ամսից։

Տեղեկացնենք նաև, որ հեռուստադիտողը «Տուն տեղ դիզայն 2023» մրցանակաբաշխության տեսագրությունը հնարավորություն կունենա դիտելու «Տուն տեղ» հեռուստանախագծի ամանօրյա եթերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին