Մամուլը գրել էր, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։ Սամվել Կարապետյանի այդ քայլը, ըստ մամուլի հրապարակման, բացատրվում էր Ծառուկյանի հետ ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր:
Եվ ահա այսօր հայտնի է դարձել, որ ընտրվել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նոր կազմ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:
Ընտրվել են նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երևանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Խաչատրյանը, որը նիստի ընթացքում Հ. Ռոստոմյանի հրամանով նշանակվել է նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական:
«Բարձր գնահատելով ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքը՝ բոլորիդ անունից նրան ևս մեկ անգամ հայտնում եմ մեր շնորհակալությունը: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ շարունակելու ենք աշխատել համախմբված՝ մեկ ընտանիքի նման: Միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողանալու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնելու ենք նորանոր հաջողությունների՝ մեդալների և մարզական նվաճումների»,- ասել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը և բոլորին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: