«Փաստինֆո»-ն գրում է.«Ո՞վ կփոխարինի ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո, այս հարցին ՀՅԴ ղեկավարությունն առայժմ չի պատասխանում` հայտարարելով, որ այդ հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել: Իսկ հարցի անպատասխան մնալն արդեն իսկ բազմաթիվ ենթադրություններ է առաջացրել, քանի որ հավանական թեկնածուներն այս դեպքում շատ են: Համամասնական ցուցակով ԱԺ անցած վերջին դաշնակցական պատգամավորն այս պահին Միքայել Մանուկյանն է:
Նա 2014թ-ի հունվարին՝ ՀՅԴ ԳՄ որոշմամբ, փոխարինեց ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, ով Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Միքայել Մանուկյանին ցուցակում հաջորդում է Կարեն Ռաֆայելի Շահմուրադյանը: Նրա` ՀՅԴ ցուցակում հայտնվելը դեռևս 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին բավական բուռն քննարկման առարկա դարձավ: Լուրեր կային անգամ, թե նա կլորիկ գումար է վճարել ՀՅԴ վերնախավին՝ իր անունը ցուցակի առաջին տասնյակում ընգրկելու համար:
Կարեն Շահմուրադյանն զբաղեցնում է ՀՅԴ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը: Ի դեպ, նա ցուցակում ներկայացված է իբրև անկուսակցական, բայց ընտրություններից առաջ լրագրողներին հայտնել էր, որ ընդամենը մեկ ամիս առաջ է ՀՅԴ-ին անդամակցել, բայց և հավելել էր, որ ՀՅԴ ղեկավարությանն ավելի քան յոթ տարի ճանաչում է, միշտ ջերմ հարաբերությունների մեջ է եղել նրանց հետ և քաղաքական գաղափարների նկատմամբ համակրանք է ունեցել: Կարեն Շահմուրադյանը «Կարկոմավտո» ՍՊԸ սեփականատեր Ռաֆայել Շահմուրադյանի որդին է և ղեկավարում է հոր հիմնադրած ընկերությունը:
ՀՅԴ ցուցակում ներկայացված է որպես «Արմենիա-Լադա» ընկերության գլխավոր տնօրեն: Կարեն Շահմուրադյանին ցուցակում հաջորդում է նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը, ով Արծվիկ Մինասյանին փոխարինող հավանական թեկնածուների շարքում է: Ռուզան Առաքելյանին հաջորդող նախկին պատգամավոր Արա Նռանյանը, ով վերջերս է հանձնել ԵՏՄ կոլեգիայի անդամ-նախարարի պաշտոնը և այժմ ժամանակավորապես գործազուրկ է: Ի դեպ, Արա Նռանյանի անունն է շրջանառում նաև փոխնախարարի կամ մարզպետի պաշտոններում նշանակվելու տեղեկություններում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում