Մեծահարուստ գործարար, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում:
«Թրամփը որպես բիզնեսմեն կարողացավ իր պայքարը շուկայագիտական օրենքներով կառուցել, դրա համար էլ հաղթեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի 2 թեկնածուներն էլ չէին կարևորում հայերի ձայները, որովհետև ունեին իրենց կայուն ընտրազանգվածը.
«Բայց, իմ կարծիքով, հայկական կառույցները պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենային՝ անկախ նրանից՝ թեկնածուները Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշում հայտնել էին, թե՝ ոչ: Երբ որ աջակցեին, կկարողանային ինչ-որ մի բան ստանալ դրա դիմաց, իսկ այսօր որևէ ակնկալիք չեն կարող ունենալ»,-նշեց դիվանագետը:
Արա Պապյանը նկատում է՝ տարբեր է լինելու Թրամփը որպես թեկնածու և որպես նախագահ.
«Նա այժմ ձևավորում է իր թիմը և ո՞վ կլինի պետքարտուղարը, ի՞նչ խորհուրդ կտա, նրա քաղաքականությունը դրանով պայմանավորված կլինի: Նույնը նաև Արցախի հարցի դեպքում: Թրամփը խոստովանել է, թե չգիտի՝ ինչ է ղարաբաղյան հակամարտությունը: Մեկ բան է հաստատ.աշխարհը փոխվելու է: Հարց է՝ դեպի լավը, թե՝ վատը»:
Անի Կարապետյան