ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, այսօրվա ասուլիսում, անդրադառնալով դիտարկմանը, որ ասեկոսեներ են շրջանառվում, թե իրեն սպառնացել են, մասնավորապես, ասել է. «Ինձ ոչ մեկը չի սպառնացել, ինձ ընդհանրապես շատ դժվար է սպառնալ, չեմ պատկերացնում էն մարդուն, որ կարող է դիմացս կանգնել ու սպառնալ ինձ: Ինձ ասացին, որ Նարեկ Մալյանը, որ ոստիկանության պետի նախկին խորհրդականն է, գրել է սոցցանցում, որ ծրագիր կա ինձ սպանելու: Ես դա հրապարակային հայտարարություն եմ համարում, չգիտեմ՝ ինքը հիմա որտեղ է աշխատում, ամեն դեպքում, դա հրապարակային հայտարարություն է, ես էլ հանդիսանում եմ պետական բարձրաստիճան պաշտոնյա, իմ անվտանգությունն ապահովելու համար գոյություն ունի ԱԱԾ, թող ԱԱԾ-ն հրավիրի էդ մարդուն՝ հարցաքննի, տեսնի՝ ինչ տեղեկություն է, բայց ասում եմ՝ շատ դժվար եմ պատկերացնում էն մարդուն, որ կարողանա ինձ սպառնալ»:
Հավելենք, որ այսօր աշխատանքները վերսկսած 1in.am-ի ուղիղ եթերում Երեւանի ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը քննադատել է ընդդիմությանը:
Մեջբերում.
Լրագրող
-Պարոն Մանուկյան, քաղաքական ուժերը՝ հատկապես խորհրդարանական, կարծես թե զերծ են մնում որևէ գնահատականներից, ակտիվորեն ցույցերին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ձեզ հետ փորձեց բանակցել, խոսել, ձեր խոսքը իշխանություններին փորձեց լրատվամիջոցների միջոցով փոխանցել: Սակայն երեկ ագրեսիա էր նկատվում արդեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Պավլիկ Մանուկյան
-Աղջիկս, դուք եթերից խոսում (ասում) եք միայն ընդդիմադիր, ոչ իշխանական, դրանք «ղախպի» տղեքն են: Ինչի մասին է խոսքը: Քանի տարի էս ժողովրդին խաբել են անունների տակ, կարելի է ասած՝ քցել են ժողովրդին:
Լրագրող
-Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունեք:
Պավլիկ Մանուկյան
-Բոլորին: Էս ինչի նման ա՝ խաբել սեփական ժողովրդին էսքան: Ժողովուրդը իր անելիքը շատ լավ գիտակցում է: Ընդամենը պետք է առաջնորդել, ի սեր Աստծո, ինչի մասին է խոսքը: