Մեր ընթերցողից ստացած նամակի համաձայն, լինելով զբոսաշրջության բնագավառում երկարատև փորձ և գիտելիքներ ունեցող կայացած տուրիստական ֆիրմայի ներկայացուցիչներ, հայ-ճապոնական բիզնես կապերի հաստատման համար իրենք որոշել էին տուրիստական կապեր հատատել ծագող արևի երկրի՝ Ճապոնիայի հետ: Հանդիպել են այդ երկրի փոքրաթիվ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ` հայտնելով իրենց մտադրության մասին և հետաքրքրվել են, թե ինչպես կարելի է դիմել դեսպան պարոն Պողոսյանին` այս հարցերի շրջանակներում իրենից, որպես դեսպան, աջակցություն ստանալու համար:
Նամակագիրը նշում է, որ պարզվել է` դեսպանն, ով նշանակվել է այդ պաշտոնում 2012-ի մայիսի 8-ին` այդ ժամանակահատվածում հազվադեպ է երկրում եղել: Համայնքի ներկայացուցիչները չեն ցանկացել խառնվել գործին` խորհուրդ տալով հույս չդնել դեսպանի օգնության վրա և ձեռք քաշել այդ մտահղացումից:
Նամակագիրը նաև մտահոգություն է հայտնում, որ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, առավել ևս չունենալով որևէ կապ դիվանագիտության բնագավառի հետ, լինելով դասախոս, հանկարծ հայտնվել է մի ամբողջ երկրի դեսպանի կարգավիճակում: Ավելին, ըստ ասեկոսեների, նրա որդին, ով չի ծառայել բանակում, այժմ Ճապոնիայի քաղաքացի է և որ, վերջերս, դեսպանն իր որդուն, պաշտոնական կապերն ու դիրքը կրկին օգտագործելով, դարձրել է Ճապոնիայի քաղաքացի և Ճապոնիա-Հայաստան տուրիստական մենաշնորհը փաստացիորեն «հանձնել» «Ճապոնացի ժողովրդի» որդուն. «մի երիտասարդի, որը երբևէ կապված չի եղել Հայաստանի հետ, սակայն հիմա որոշել է մենաշնորհ ունենալ դեսպան հայրիկի օբյեկտում և ոչ մի հայկական խոշոր տուրիստական գործակալության թույլ չտալ մուտք գործել այդ երկիր»,-նշված է նամակում:
Այս առիթով կապ հաստատեցինք ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ. ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ Ճապոնիայում ՀՀ դեսպանը դիվանագետ չէ, պատասխանեց.
«Կլյաուզիա եք ստացել, ուզում եք կլյաուզիան մեկնաբանե՞մ: Կենսագրությունը ներկայացված է դեսպանության կայքում, կարող եք մտնել և ծանոթանալ»:
Ինչ վերաբերում է դեսպանի որդու` ՀՀ բանակում չծառայելու լուրին, մամլո խոսնակը նշեց, որ մասնավոր հարց է, տեղյակ չէ և հրաժարվում է մեկնաբանել 37 թվականի կլյաուզիաներին:
Ամեն դեպքում, որոշեցինք հետևել մամլո խոսնակի հորդորին` ծանոթանալ Ճապոնիայում ՀՀ դեսպանի կենսագրությանը, սակայն իզուր:
Եթե մյուս` ասենք Ավստրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բելառուսի, Բելգիայի, Բուլղարիայի Բրազիլիայի Դանիայի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Իտալիայի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերում կար տեղեկություն դեսպանների ծննդյան թվի, վայրի, կրթության, գործունեության, գիտա-մանկավարժական գործունեության, պարգևատրումների, ընտանեկան կարգավիճակի մասին, ապա Ճապոնիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքի դեսպան բաժնում ոչինչ չկար. ոչ մի կենսագրական տեղեկություն: