▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում եմ ապացուցել, որ որոշ մարդիկ իմ հարցում սխալվել են». Սարգիս Շահինյան

 

Ձմեռային տրանսֆերային շրջանի առաջին ձեռք բերումը «Գանձասար-Կապանի» համար դարձավ Սարգիս Շահինյանը։

Կիսապաշտպանի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Երիտասարդ, բայց արդեն փորձառու Շահինյանի համար «Գանձասար-Կապանը» նոր մարտահրավեր է։

Ակումբի մամլո ծառայությանը տված հարցազրույցում նա խոսել է իր տեղափոխության, թիմի ներքին խոհանոցի մասին և նշել, որ իր աչքերը վառվում են «Գանձասար-Կապանի» կազմում խաղ անցկացնելու սպասումից։

- Սարգիս, շնորհավորում ենք քեզ մեր թիմի շարքերը համալրելու համար։ Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունդ «Գանձասար-Կապան»։
Ս․Շ․ Վերջին ակումբս՝ «Փյունիկն» էր, այդ ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո ես մեկնել էի Ուկրաինա, որպեսզի փորձաշրջան անցնեի Կիևի «Օլիմպիկում»։ Ինչ-ինչ պատճառներով այդ տեղափոխությունը չստացվեց։ Թե ինչո՞ւ ստացվեց, չեմ ուզում մանրամասնել։ Պատճառը հաստատ ես չէի: Վերադարձա Հայաստան, ցանկացա ուժերս փորձել «Արարատում», բայց այնտեղ ինձ ասացին, որ նոյեմբերին գամ, քանի որ առաջնությունը ընթացքի մեջ է, իսկ տրանսֆերային պատուհանն էլ փակ է։ Անհատական մարզումներ էի անցկացնում «Միկա» մարզահամալիրում։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ ինձ տրամադրում էին խաղադաշտը, թույլ տալիս մարզվել։ Պարապմունքներից մեկի ժամանակ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նկատեց ինձ և ասաց, որ իրեն հենց իմ ֆուտբոլային որակները ունեցող ֆուտբոլիստ է պետք։ Եվ, որ գամ ու մարզվեմ թիմի հետ, եթե կարողանամ արդարեցնել ինձ մարզումների ընթացքում, ապա «Գանձասար-Կապանը» պայմանագիր կառաջարկի։ Եթե այսօր համարվում եմ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ, ուրեմն արդարեցրել եմ ինձ (ծիծաղում է)։
- Մոտ մեկ ամիս մարզվել ես «Գանձասար-Կապանի» հետ, ի՞նչ տպավորություններ է թողել Սյունիքը ներկայացնող թիմը։
Ս․Շ․ Շատ պրոֆեսիոնալ ակումբ է։ Դա միայն ֆուտբոլիստներին չի վերաբերվում, այլ ողջ անձնակազմին։ Բոլորն էլ աշխատում են, որպեսզի առավելագույնս օգտակար լինեն թիմի համար։ Ցանկացած թիմ ունենում է սև շրջան, կապանյան ակումբը բացառություն չէ։ Բայց նրանք հաղթահարել են այդ դժվարությունները։ Ես չգիտեի, թե ինչի շնորհիվ է «Գանձասար-Կապանը» կարողացել հաղթահարել այդ խոչընդոտները, բայց թիմում մարզվելուց հետո հասկացա, որ տղաները աշխատասեր են ու պրոֆեսիոնալ, դրա շնորհիվ էլ կարողացել են հաղթահարել դժվար շրջանը։ Այստեղի կոլեկտիվը իսկապես մեկ ընտանիք է։ Բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար սկզբունքով են առաջնորդվում, մարզվում ու խաղում։ Ես դրանում համոզվել եմ։
- Ի՞նչ նպատակներով ես գալիս «Գանձասար-Կապան»։
Ս․Շ․ Նպատակները շատ բարձր են, նամանավանդ այն պարագայում, երբ թիմը պայքարում է եվրոգավաթների ուղեգրի ու չեմպիոնության համար։ Կարելի է ասել, որ այս թիմի կազմը չեմպիոնական է, որովհետև շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքվել։ Կարծում եմ, որ Հայաստանի լավագույն լեգեոներներն այստեղ են։ Նման թիմը ցածր նպատակներ ունենալ չի կարող։ Մտածում ենք, որքան հնարավոր է բարձր հորիզոնական զբաղեցնել։ Կարծում եմ, որ «Գանձասար-Կապանն» այժմ այն դիրքում չէ, որտեղ որ պետք է լինի։ Բայց հավաքներ անցկացնելուց և քրտնաջան մարզումներից հետո մենք կկարողանանք պատշաճ մակարդակով ներկայանալ առաջնության երկրորդ կեսին ու կզբաղեցնենք մեզ արժանի հորիզոնական։
- Ե՛վ «Փյունիկում», և՛ «Միկայում» խաղացել ես «Գանձասար-Կապանի» հետ, եղել ես նաև Կապանի «Քաղաքային» մարզադաշտում։ Ո՞րն է այս թիմի հետ կապված ամենահիշարժան պահը։
Ս․Շ․ «Գանձասարի» հետ խաղերից ամենատպավորիչն անցկացրել եմ «Միկայի» կազմում։ Այդ խաղում պարտվեցինք 3-2 հաշվով։ Առաջին խաղակեսում շատ վատ ֆուտբոլ էինք ցուցադրել և պարտվում էինք 3-0, բայց երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցինք, նույնիսկ կարող էինք հաղթել։ Այդ խաղը լավ է տպավորվել։ Հիշում եմ, որ «Գանձասարի» հետ դժվար էր, հատկապես Կապանում խաղալը։ Երկրպագուները շատ մեծ աջակցություն են ցուցաբերում, այդպես է նաև Գյումրիում։ Հիշում եմ, որ մարզային թիմերի հետ մրցակցի հարկի տակ խաղալիս մարզիչները մեզ առաջին հերթին տրամադրում էին, ոչ թե մտնել ու լավ ֆուտբոլ ցուցադրել այլ մտնել ու կռվել հաղթանակի համար։ Քանի որ «Գանձասարի» ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ և կռվում են հաղթանակի համար։ Երկրպագուները նրանց առաջ են մղում, նաև տաքարյուն են։ Նման իրավիճակներում ֆուտբոլիստներն ավելի էմոցիոնալ են լինում և թիմերի միջև խաղադաշտում ֆուտբոլային կռիվ է սկսվում հաղթանակի համար։ Կապանում խաղալու ժամանակ կարևորը արդյունքն էր, ոչ թե ցուցադրած ֆուտբոլը։ Այդպես էին մեզ նախկինում տրամադրում մարզիչները։
- «Գանձասար-Կապանի» երկրպագուներին ի՞նչ ասելիք ունես, նրանք ի՞նչ պետք է ակնկալեն քեզնից։
Ս․Շ․ Ուզում եմ, որ «Գանձասար-Կապանի» երկրպագուները միշտ գան խաղադաշտ, երկրպագեն թիմին անկախ արդյունքներից։ Ֆուտբոլը գեղեցիկ է երկրպագուներով։ Ֆուտբոլիստը ամբողջությամբ չի կարող տրվել խաղին, երբ դուրս է գալիս խաղադաշտ ու երկրպագու չկա։ Թվում է, որ դա մանրուք է, բայց ֆուտբոլում մանրուքներ չկան։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ինչ կարող եմ, անելու եմ թիմին օգնելու համար։ Շատ բան կախված է նաև մարզչից, որովհետև նա է որոշելու, թե ես ինչ պետք է անեմ։ Ես զրուցել եմ Աշոտ Բարսեղյանի հետ և նա ասել է, որ ինձ հետ մեծ հույսեր է կապում։ Կաշխատեմ արդարեցնել։ Ամեն ինչ կախված է ինձնից։ Մարզումների ընթացքում աշխատելու եմ 100 տոկոսով, որպեսզի կարողանամ ապացուցել, որ իմ հարցում չեն սխալվել։ Կան նաև այլ մարդիկ, որոնց նույնպես ես ապացուցելու բան ունեմ։ Ուզում եմ «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթներով ապացուցել, որ որոշ մարդիկ ինձ վերաբերող որոշ հարցերում սխալվել են։ 
- Ե՞րբ կնշես նորամուտդ «Գանձասար-Կապանի» կազմում։
Ս․Շ․ Կարծում եմ, որ հենց պաշտոնական առաջին խաղում՝ ի դեպ «Փյունիկի»՝ իմ նախկին թիմի հետ խաղն է (ծիծաղում է)։
- «Փյունիկը» քեզ համար սկզբունքայի՞ն մրցակից է։
Ս․Շ․ Բնականաբար։ Ճիշտ է, այնտեղ շատ ընկերներ ունեմ, բայց ընկերությունը՝ ընկերություն, գործը՝ գործ։ Երբ դուրս ես գալիս խաղադաշտ ամեն ինչ անում ես հաղթելու համար մոռանալով, որ ընկերներդ խաղում են մրցակցի կազմում։ Այդպես է նաև մարզումների ընթացքում, երբ խաղում ես, ուզում ես հաղթել դիմացի թիմին։
- Եվս մեկ անգամ շնորհավորում ենք քեզ «Գանձասար-Կապանի» շարքերը համալրելու համար, հուսով ենք, որ քեզ հետ կապանյան թիմն ավելի մեծ հաջողությունների կհասնի և դուք թիմի երկրպագուներին նորանոր հաղթանակներ կպարգևեք։
Ս․Շ․ Շատ շնորհակալություն։

15625775_1891876234364673_2829348170635090038_o

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին