▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ հարված Հովիկ Աբրահամյանին. «168 ժամ»

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. « Ըստ ՀՔԾ  մամլո ծառայության հաղորդագրության՝ նա ձերբակալվել է Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանի անունը շրջանառության մեջ հայտնվեց, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվության  խորհրդարանական քննարկումներից ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի «պահվածքից» հետո Ֆինանսների նախարարության Վերահսկողական տեսչությունը հրապարակեց 4 մարզերում, այդ թվում՝ Արարատի մարզում գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ  Աբրահամյանները 48 հազար լիտր դիզելային վառելիք են ստացել՝ անապահով գյուղացիների համար նախատեսված գներով:

Սա, քաղաքական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր Հովիկ Աբրահամյանին: Բայց դրան հետեւեց հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված հայտնի քննարկումը եւ ՀՀԿ գործկոմի նիստը: Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո հաջորդ «թիրախը» լինելու էր հենց Հովիկ Աբրահամյանը, սակայն ՀՀԿ ԳՄ նիստից հետո վերջինս կարծես բավարարված էր. Նա հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իրեն ոչ մի թթու խոսք չի ասել: Դրանից հետո ոմանք սկսեցին մտածել, թե ներիշխանական հակասությունների այս փուլը գոնե առժամանակ կասեցվել է:

Սակայն Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը փոխում է պատկերը: Բանն այն է, որ Արարատի մարզպետարանի նախկին պաշտոնյայի ձերբակալությունն ուղիղ հարված է Հովիկ Աբրահամյանին: Հայտնի է, որ վերջինիս ընտանիքը գրեթե ֆեոդալական կարգավիճակ ունի Արարատի մարզում, ի թիվս բազմաթիվ օբյեկտների, տնօրինում է գյուղատնտեսական նշանակության հողերի, ընդհանրապես մարզի գյուղատնտեսության մեծ մասը...»,- գրում է «168 ժամը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին