«Խնդիրներ ունեն թե՛ ուժային կառույցները, թե՛ «Սասնա ծռեր»-ը: Երբ նայում ենք վերջինների գործողություններին, ապա դրանք իրոք անհասկանալի են.օրինակ՝ մեքենա այրելը, իրավապահների վրա հարձակվելը: Այս քայլերն են, որ բերում են իրավապահների կողմից ինքնապաշտպանության, որը լինում է զենքով, ինչն էլ հանգեցնում է արյունահեղության»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
Քաղաքագետը դժվարանում է ասել, թե խմբի այս քայլը հասարակությանը ինչ տվեց.
«Մարդկանց հանեցին ոտքի, էլի հուսախաբություն եղավ.Նրանք ծրագիր չունեն: Իրենց վերջնական նպատակը ո՞րն է: Սոցիալ-տնտեսական, արդարության, ազատության խնդիրներն են բերում,նախագահի հրաժարական…: Ասենք նախագահը հրաժարական տվեց՝ հարցերը լուծվո՞ւմ են, իրենց լիդերներն ազատ արձակվեցին, հարցերը լուծվո՞ւմ են: Ո՞ւր է ռազմավարությունը, ո՞վ է տեղյակ դրանից»,-նկատեց քաղաքագետը:
Արթուր Ղազարյանի կարծիքով քաղաքական կյանքում պետք է ամեն դեպքում փոփոխություներ լինեն, իշխանությունը պետք է դասեր քաղի.
«Ստեղծված վիճակը օդից չէ: Կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, և այդ առումով պետք է քայլեր արվեն»,-նշեց քաղաքագետը:
Անի Կարապետյան