ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը հիմնականում անդրադարձավ երեկ իր ու ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցուպատասխանին:
«Ինչպես ՀՀ բոլոր, այնպես էլ անձնագրային ոլորտում կատարյալ խառնաշփոթ է: Այսօր ՀՀ-ում կա 3 տեսակի անձնագիր.սովորական, կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտ: Իսկ ընտրական համակարգը սովորական անձնագրերի համաձայն է կազմվել: Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը, ձախն էլ նույնիսկ չգիտի՝ ինքն ինչ է անում: Դուք սովոր եք հավսար-զգաստով դակել, անցկացնել օրենքները, թե բա հայբուդուլ, աշխարհի վերջն է, պիտի արագ ընդունենք: Ահա արգասիքը: Հովհաննես Սահակյանին թվաց, թե ինձ անեկդոտ են պատմում, իրականում երկրում ստեղծված այս իրավիճակը տեղով անեկդոտ է: Բա անեկդոտը պոզով-պոչով է լինո՞ւմ: Հիմա ՀՀԿ-ն իբր լուծում է իրավիճակը, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը տալիս-հանում են՝ ասելով թող նույնականացման քարտերով քվեարկեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իրեն չէր կարողացել զսպել ու սկսել էր ծիծաղել, երբ Հովհաննես Սահակյանը խոսել էր թանաքոտման համաշխարհային փորձից: