▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք միևնույն աննորմալ թշնամին. Դավիթ Բաբայանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

«Սահմանային իրավիճակը համեմատաբար կայուն է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին:

Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ ցանկացավ նշել, որ սահմանին որևէ արտառոց բան տեղի չի ունենում.

«Սահմանին որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Սա մեր առօրյան է, որը մի օր գուցե մի քիչ շատ լարված է, մի օր` մի քիչ քիչ: Իրավիճակն այսպիսին է, ինչպիսին եղել է 3 օր առաջ, 2 ամիս առաջ: Ունենք միևնույն աննորմալ թշնամին: Պետք չէ անիմաստ խառնաշփոթի մեջ ընկնել»:

Խոսելով վիրավոր զինվորների մասին` Դավիթ Բաբայանը նշեց.

«Վիրավոր տղաների կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում, բժիշկներն անում են ամեն բան նրանց վիճակը լավացնելու համար: Տա Աստված՝ նրանք շուտ ապաքինվեն»:

Այն դիտարկմանը, որ հենց վիրավոր զինվորների վիճակն է հանրության մեջ խառնաշփոթ ու վախ առաջացնում, մամուլի խոսնակը նկատեց.

«Պատերազմն ամեն րոպե կարող է սկսվել, բայց հավանականությունը քիչ է: Եվս մեկ անգամ եմ նշում՝ որևէ արտառոց բան չի կատարվում. սա այն է, ինչի մեջ մենք ամեն օր ապրում ենք: Մենք հաղթող ազգ ենք, մենք չպետք է վախենանք: Այդ նրանք են վախենում ու վախից զինադադարի ռեժիմը խախտում: Ժողովրդի մեջ վախ ու լարվածություն չպետք է ստեղծվի: ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը»:

Նշենք, որ այս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: 

Հիշեցնենք, որ Արցախում նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել`Կարապետ Միքայելյանը(1997) և Քաջիկ Բադալյանը(1993):

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին