Արդեն տեղեկացրել ենք ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառի հետ կապված միջադեպի մասին, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ ու ձերբակալված:
Ստորև ներկայացնում ենք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարությունը.
2016 թվականը վարչախումբը մեկնարկեց ոչ միայն քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ, այլև հասարակական բարոյականության և ավանդույթի նկատմամբ բացահայտ անհարգալից գործողություններով:
Ամանորի գիշերվա ընթացքում Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքներ անցկացնող քաղաքացիները ավանդույթի հաշվառմամբ իրենց քաղաքական ակցիան նախատեսել էին իրականացնել այդ տոնի համատեքստում՝ օգտագործելով նաև դրան բնորոշ բաղադրիչներ, մասնավորապես՝ Ձմեռ պապ, Ձյունանուշ, տոնածառ և հայտնի շարժանկարների հերոսների կերպարներ:
Սակայն, ինչպես արդեն նշվել էր այս խնդրի վերաբերյալ մեր նախորդ՝ 2015 թ. դեկտեմբերի 29-ի, հայտարարության մեջ, վարչախումբը որոշել էր ամեն գնով խափանել Ազատության հրապարակում այլընտրանքի որևէ դրսևորում, ուստի Ոստիկանությունը, կատարելով այդ հրահանգը, բռնության և ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով ամեն կերպ խոչընդոտեց հավաքին:
Ոստիկանության բռնությունների զոհ դարձան ոչ միայն մի շարք քաղաքացիներ, որոնցից մեկը նախնական ախտորոշմամբ ուղեղի ցնցում է ստացել, այլև Ձմեռ պապի մոտ գտնվող փոքրիկ տոնածառը, որը ոստիկանները բառիս բուն իմաստով կոտր-կտոր արեցին և խլեցին նրա ձեռքից:
Սակայն ոստիկանության ապօրինությունների պսակը իրենց նկատմամբ ոստիկանների գործադրած ֆիզիկական բռնությունների վերաբերյալ ոստիկանության կարգախմբի ղեկավարին բողոք ներկայացնող հինգ քաղաքացիներին բերման ենթարկելն էր:
Ինչպես հետագայում պարզվեց, այդ հինգ քաղաքացիներին բերման են ենթարկել իշխանության ներկայացուցիչների (տվյալ դեպքում՝ ոստիկանների) նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ հետագայում նրանցից Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են՝ գոյություն չունեցող այդ «հանցագործության դեպքի» առթիվ հարուցված կեղծ քրեական գործի շրջանակներում նրա հետագա պատասխանատվության և նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցերը լուծելու նպատակով: Փաստորեն՝ վարչախումբն իր հրահանգը առավել ջանասիրաբար կատարած ոստիկաններին, ովքեր աչքի են ընկել քաղաքացիների նկատմամբ բռնություն և ապօրինություն գործադրելու հարցում, այդ հանցագործությունների համար պատասխանատվությունից ազատելու շատ արդյունավետ միջոց է գտել՝ առավել շատ տուժած քաղաքացիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում է, որ սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ ինքն իրեն բռնության արտոնագիր տված վարչախումբը 2016 թվականը մեկնարկել է յուրային պետության և ժողովրդի դեմ տարած իր թվացյալ հաղթանակի արբեցմամբ, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքներ ունեցող ժողովրդական հախուռն ընդվզման, ուստի ընդդիմադիր քաղաքական ուժերը օր առաջ պետք է համախմբվեն նրան խաղաղ ձևով հեռացնելու, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ձևավորելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի շուրջ: