▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ծեծել են ու սպառնացել արվամոլներով,- պատմում է տուժողը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  այսօր սկսվեց  պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի գործով  դատաքննությունը: Ամբաստանյալներ, ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերլիազորներ  Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չճանաչեցին:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, նախ  ցուցմունքներ տվեց  գործով տուժող, մեկ այլ գործով  կալանքի տակ գտնվող Ռոբերտ Հովսեփյանը:  Նա հայտնեց, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 22. 30-ի սահմաններում իր ընկերների հետ գտնվել է Ռոստոմյան փողոցում,  իրենց վրա են հարձակվել մի քանի անձինք և ծեծի  ենթարկել իրեն, գցել գետնին, այնուհետև նստեցնելով մեքենա՝  տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի  բաժանմունք: Այնտեղ օպերլիազոր Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը ձեռնաշղթաներ են անցկացրել  տուժողի ձեռքերին և ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով` ստիպելով խոստովանել նախկինում չբացահայտված գողությունների մեջ իր մասնակցությունը։

Տուժողը հայտնեց նաև, որ բացի ամբաստանյալներից իրեն այլ մարդիկ էլ են ծեծել, և ի դեպ, դատարանին  խնդրեց  առերեսում  անցկացնել՝ ծեծին մասնակից ևս երկու անձանց բացահայտելու համար: Նա միաժամանակ հայտարարեց, որ   իրեն ծեծած այլ մարդկանց  միայն  ոտքերն է տեսել, քանի որ  գետնին ընկած է եղել:

Տուժողը  նշեց նաև, որ Խաչիկ Բախբուդարյանը իրեն ծեծելու ընթացքում ձեռքերի ափերով հարվածել է իր ականջներին, ինչի հետևանքով ձախ ականջի թմբկաթաղանթը ծակվել է և սկսել է վատ լսել։

Ռոբերտ Հովսեփյանը պատմեց նաև, որ իր  դիմադրությունը կոտրելու  համար օպերլիազորները  2 արվամոլ են հրավիրել՝ ասելով՝  «եթե չխոստովանես, ապա նրանք քեզ կփչացնեն, ես էլ ասեցի՝  տվեք ստորագրեմ,  մենակ թե ինձ չկպնեն: Իսկ երբ լվացվելուց հետո եկա,  օպերլիազոր Խաչիկ Բախբուդարյանը ինչ-որ հաբ տվեց ու ասաց՝ խմի, դե ես էլ խմեցի, բայց հետո հասկացա, որ «Suboteks» էր, քանի որ նախկինում օգտագործել էի, բայց հիմա չեմ օգտագործում»,- ցուցմունքում ընդգծեց տուժողը:

Ի   պատասխան ամբաստանյալների պաշտպան Արայիկ Ալվանդյանի հարցի,  թե ինչպիսի տեսք են ունեցել օպերլիազորների կողմից հրավիրված արվամոլները և թե ինչպես է տուժողը հասկացել, որ նրանք արվամոլ են, տուժող Ռոբերտ Հովսեփյանը նշեց, որ նրանք 2-ն  էլ կիսաշրջազգեստով, զուգագուլպաներով և կեղծամներով տղամարդիկ էին, «իսկ դա պարզից էլ պարզ է»:

Տուժողը  հայտնեց նաև, որ ինքը նյարդային խնդիրներ ունեցել է, ինչը  չի նշանակում, որ ինքը տառապում է  հոգեկան հիվանդությամբ:  Տուժողը  ընդգծեց, որ եթե դատապարտվելու է, թող դատապարտվի արածի և ոչ թե չարածի համար և  որ ամեն բան անելու է, որպեսզի այս գործով մեղավորները պատժվեն:

Ի դեպ նշենք, որ տուժող Ռոբերտ Հովսեփյանը ձերբակալվածների պահման   վայր տեղափոխվելու հաջորդ օրն իսկ ինքն իրեն վնասել է: Նա հայտարարեց, որ  իրեն հոգեպես սպանել են,  և  որ ինքը  միայն  ֆիզիկապես է ապրում:

Տուժողի մայրը,  գործով վկա Նարինե Ասատրյանը իր հերթին հայտնեց, որ  դեպքի օրն իր որդին  տանից դուրս է եկել և ծնողներին տեղեկացրել, որ քիչ անց կվերադառնա, սակայն այդ օրը այդպես էլ չի վերադարձել: Ըստ վկայի,  ոստիկանությունն իրենց չի իրազեկել, որ  որդին իրենց մոտ է, իսկ  հաջորդ օրը նա որդուն տեսել է խոշտանգված և ամբողջությամբ կապտուկների մեջ: Վկան   3 անգամ  ապարդյուն պահանջել է  դատաբժշկական փորձաքննություն նշանակել, ապա`  դիմում-բողոք է գրել Գլխավոր դատախազին:

Դատական նիստին  անընդմեջ խոչընդոտելու համար  նախագահող դատավորը ամբաստանյալ Արտակ Բարսեղյանի հոր նկատմամբ կիրառեց  դատական  սանկցիա՝ նրան  դուրս հրավիրեց նիստերի դահլիճից՝ արգելելով  նրան ներկա գտնվել  հետագա դատական նիստերին:

Ապրիլի 10-ի դատական  նիստում դատաքննությունը կշարունակվի:

Նշենք, որ սույն գործով նախաքննությունն իրականացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Աղբյուրը` Փաստինֆո.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին