▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետն ուժեղացրել է հսկողությունը Գագիկ Ծառուկյանի բուն թագավորությունում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ ոստիկանությունում Վովա Գասպարյանի գալուց հետո կադրային կարուսելը ոչ մի օր կանգ չի առել: Բայց դա չի նշանակում, որ համակարգը  բարեփոխվել է, դրանից առայժմ ռիսկային գոտում գտնվողների սրտի աշխատանքն է խաթարվել: 

«Ուրբաթ օրը եւս նման պաշտոնանկությունների ալիք գնաց ոստիկանությունում: Ընդ որում սա այն շարքային փոխատեղումներից չէր՝ երկօրյա թեժ խորհրդակցությունների ու նախատինքների արդյունք: Եվ սա որքան էլ համակարգի «բարեփոխումների շրջանակում» տեղավորեն, դժվար է դրան հավատալ: Կադրային փոփոխությունների մի մասը հաստատ անձնական նկատառումներից ու սուբյեկտիվ գործոնից ելնելով է տեղի ունենում:  Այս շարքից էր Կոտայքի մարզի ոստիկանությունում կատարված փոփոխությունը: 

Վովա Գասպարյանն   այս մարզում  իրականացվող ծառայությունից դժգոհ էր, բայց դա  պարզապես ոստիկանապետի դժգոհություն չէր: Այս պարագայում պետք է հաշվի առնել նրա եւ Ծառուկյանի հարաբերությունների «առանձնահատկությունները»: Թերեւս  տեղի ոստիկանությունն այդ «հարաբերություններին» համարժեք չի գործել, ինչն էլ ստիպել է Գասպարյանին վերանայել իր նախկին նշանակումները:

Ըստ մեր տեղեկությունների, Կոտայքի մարզի ոստիկանության պետ Գրիշա Բադալյանը ոստիկանությունում հրավիրված խորհրդակցություններին քանիցս դիտողություն է ստացել: Առաջին անգամ տարեսկզբին է գասպարյանական լուտանքներին արժանացել՝ աշխատանքները վատ կազմակերպելու համար, իսկ երկրորդը՝ ամռանը, կիսամյակի աշխատանքներն ամփոփելիս: Ու Բադալյանին ժամանակ է տրվել սխալները շտելու, բայց ցանկալի արդյունքի չի հասել:

Եվ այսպես, Կոտայքի մարզային ոստիկանապետի պաշտոնը վստահվեց Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին՝ Վարդան  Նադարյանին, ով ոստիկանապետի յուրայիններից է համարվում: Իսկ Աբովյանի բաժինը, որը Ծառուկյանի բուն  թագավորությունում է՝ Սերոբ Հարությունյանին, ով  Վովա Գասպարյանի վստահելիներից է եւ այս երկու տարվա ընթացքում հասցրել է զբաղեցնել մի շարք բարձր պաշտոններ: Նա հուլիսից կադրային ռեզերվում էր եւ, փաստորեն, գործուղվեց բավականին ռիսկային գոտի»,- գրում է թերթը:

 

Մանրամասները և հետաքրքիր այլ հոդվածներ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին