▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես հեռուստադիտող ինձ հետաքրքիր չէ սերիալի ձևաչափը. Լուիզա Ղամբարյան

Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը թեև նկարահանում է տարբեր հեռուստասերիալներում, երբեք չի իջեցնում իր նշաձողը։ Նա հայկական հեռուստատեսության այն դերասանուհին է, ով ունի բարձր հեղինակություն։ 

-Լուիզա, այժմ հեռուստատեսային դադարի մեջ եք, ինչո՞ւ։

-2 տարի անընդմեջ աշխատելուց հետո ես հոգնել էի։ Կարծում եմ՝ հեռուստադիտողն էլ ունի «հանգստի» կարիք։

-Սակայն թատրոնում դադար չունեք, չէ՞։

-Արդեն 20 տարի է, թատրոնում դադար չունեմ, քանի որ դա իմ հիմնական աշխատանքն է, իսկ հեռուստատեսային տարբեր ձևաչափերում ներգրավված լինելս կապված են տարբեր ժամանակների հետ։

-2 տարի անընդմեջ նկարահանվելուց հետո  կարողացա՞ք հանգստի մեկնել, թե՞ հանգիստ, որպես այդպիսին, չի եղել։

-Փառք Աստծո, ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով կարողանում է և՛ լավ աշխատել, և՛ լավ հանգստանալ։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ փոխկապակցված է. առանց լավ հանգստանալու չես կարող աշխատել, առանց լավ աշխատելու էլ չես կարող վայելել վաստակածդ հանգիստը։ Նույնիսկ աշխատանքային ակտիվ շրջաններում ես ժամանակ եմ տրամադրել հանգստի լավ վայրեր մեկնելու համար։

-«Հարազատ թշնամուց» հետո ո՞ւր մեկնեցիք հանգստի։

-Նոր պետք է մեկնել, գնալու եմ Հունաստան։

-Ո՞ւմ հետ։

-Ընտանիքիս։ Ես միշտ ընտանիքիս հետ եմ մեկնում հանգստի։

-Լուիզա, հեռուստատեսային նախագծերը շատ են քննադատվում և որոշակիորեն վտանգի տակ է դրվում նաև Ձեր անունը։ Մտավախություն չունե՞ք. չէ՞ որ անուն վաստակելը շատ ավելի դժվար է, քան կորցնելը։

-Այնպես է ստացվել, որ այսօր այն նախագծերը, որոնցում ես կարող եմ հանդես գալ որպես դերասանուհի, ռիսկային գոտում են, քանի որ լսարանի արձագանքը միշտ չէ, որ դրական է։ Այնուամենայնիվ, դա երբևէ վնաս չի տվել իմ անձնական մասնագիտական հեղինակությանը։ Ես փորձել եմ պահել մասնագիտական իմ որակները։ Ռիսկային նախագծերը, որոնցում ես ներգրավված եմ եղել, ունեցել են բարձր վարկանիշ։

-Վերջին պրոյեկտը ամենաբարձր վարկանիշին զուգահեռ, ամենաքննադատվողներից էր։

-Իհարկե, բայց դերասանը կարող է միայն իր մասով երաշխավորել։ Հհարկե, այնպես չէ, որ ես ցանկացած առաջարկ ընդունում եմ։ Չեմ ուզում չակերտներ բացել, բայց կան կարևորագույն նախապայմաններ՝ ով պետք է լինի խաղընկերդ, որքան է հոնորարդ, ով է նախագծի հեղինակը, ինչ նյութ է լինելու։ Իհարկե, փորձում ես ձեռնամուխ լինել որակյալ գործի։ Հաճախ եղել է, որ մերժել եմ նախագիծ, որի ֆինանսական մասը բավականին հարմար է եղել։

-Շատ դերասաններ նկարահանվում են հեռուստանախագծերում ոչ թե ինքնաբավարարման, այլ ֆինանսական մասի գրավչության համար, քանի որ թատրոնը, ցավոք, չի բավարարում դերասանի կարիքները։ Արդյոք ֆինանսական մասն է պատճառ դառնում, որպեսզի Դուք էլ հաճախ ներկայանաք սերիալներում։

-Իհարկե, նաև՝ ֆինանսականը, սակայն դա միակ պատճառը չէ։ Այդ ձևաչափն ինձ համար նաև հետաքրքիր է, այստեղ էլ կան ստեղծագործելու շարժառիթներ։ Սա կենդանի աշխատանք է, որին անընդհատ կարող ես հետևել և շտկել թերություններd։ Անշուշտ համաձայնելով, որ կարևորագույն կետերից մեկը ֆինանասական առավելությունն է, պետք է նշեմ, որ այլ առավելութուններ ևս կան։

-Որքանով տեղյակ եմ, Դուք հայկական հեռուստատեսության բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն եք։

-Այո։

-Շատերը նշում են, որ նույնիսկ այդ բարձր հոնորարները չեն բավարարում Հայաստանի պայմաններում հոգալ բոլոր ծախսերը։ Դուք գո՞հ եք Ձեր հոնորարներից, թե՞ կողմնակի եկամուտ ունեք։

-Ամեն բան կախված է նրանից, թե դու ինչ պահանջներ ունես կյանքում և ինչ կարգի են ֆինանսական քո ձգտումները։ Ես մոտավոր գիտեմ՝ շուկայում բարձր վարձատրվողների հոնորարների  սահմանագիծը։ Կարող եմ ասել, որ սերիալային հոնորարս ինձ բավարարում է։ Քանի որ ես ունեմ, ամուսինս նույնպես աշխատող, ֆինանսական իմ ներդրումն ինձ բավարարում  է։

-Նշեցիք, որ որպես դերասանուհի՝ սերիալի ձևաչափը Ձեզ համար հետաքրքիր է, իսկ որպես հեռուստադիտո՞ղ։

-Իհարկե չի բավարարում։ Գուցե ես օբյեկտիվորեն դատեմ, քանի որ ծանոթ եմ ներքին խոհանոցին և գիտեմ՝ որքան կարելի է ավելի լավ աշխատել և որակ ապահովել, սակայն նաև պետք է ասեմ, որ քննադատելը շատ հեշտ է, դա ծանրագույն աշխատանք է։ Կան նաև շատ լավ կողմեր, որ չնկատել չի կարելի։ Կարծում եմ՝ սերիալային իրականության ստեղծումից ի վեր առաջընթաց կա, գոնե այն իմաստով, որ այսօր սերիալներն ավելի դինամիկ են (իհարկե, խոսքը բոլորի մասին չէ), դերասանական խաղի  որակն ավելի բարձր է։ 

-Հաճախ է խոսվում, որ եթե պարբերաբար ներկայացվի որակյալ արտադրանք, հեռուսադիտողները կսովորեն դրան։ Այս պահին հայկական հեռուստատեսությունում պահանջարկն է ստեղծում առաջարկ, ըստ Ձեզ, հակառակը կարո՞ղ է լինել։

-Այո։ Ես կարծում եմ, որ առաջարկն է ստեղծում պահանջարկ, բայց համամիտ եմ Ձեզ հետ, որ հայկական հեռուստատեսությունում պատկերը հակառակն է։ Կարծում եմ՝ դրա համար ժամանակ է պետք, կգա այդ ժամանակը, որ, հօգուտ բոլորիս, կձևավորվի ավելի պահանջատեր լսարան։

-Եթե միայն  սերիալների մասին չխոսենք, հետևո՞ւմ եք հայկական հեռուստատեսությանը, թե՞ Ձեզ հետաքրքրող նախագծեր, որպես այդպիսին, չկան։

-Քանի որ շատ զբաղված եմ, ազատ ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս հետ։ Ես հեռուստաման չեմ և ոչ թե հայկական հեռուստատեսությանը չեմ հետևում, այլ առհասարակ՝ հեռուստատեսությանը։ Ժամանակ ունենալու դեպքում գերադասում եմ ֆիլմ դիտել։ Ինձ մոտ հիմնականում լրատվության պակաս է, որը հագեցնում եմ համացանցի միջոցով։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին