Օրերս Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ այս փաստաթուղթը բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է: Բազայի խնդիրը ագրեսիայի դեպքում ՀՀ անվտանգությունն ապահովելն է, նույնը՝ ՀԱՊԿ պայմանագրի դեպքում:
«Սա նոր բան բացահայտող փաստաթուղթ չէ: Նորությունն այն է, որ եթե այն ժամանակ նախարարությունների մակարդակով էին այս խնդիրները լուծվում, ապա հիմա 2 փոփոխություն կա.առաջինը սա բերվել է միջպետական մակարդակի, ավելի հստակեցվել են բոլոր հարցերը, և երկրորդ՝ այս պահին է ի հայտ եկել, որովհետև ձևավորվում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանային խմբավորում»,-մանրամասնեց Վաղարշակ Հարությունյանը;
Անդրադառնալով հնչող մի շարք մտահոգություններին՝ նկատեց.
«Այս ամենը գործում է միայն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում: Այս զորամիավորումը չի կարող գնալ Սիրիա կամ այլ պետություն: Սա չի գործում նաև Արցախի դեպքում, քանի որ այն Հայաստանի կողմից ճանաչված չէ, ՀՀ կազմում չէ»:
Ինչ վերաբերում է վերջնական որոշմանը, ապա ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փոխանցմամբ՝ դա հայկական կողմինն է լինելու.
«Բերեմ օրինակ: ՆԱՏՕ-ն միավորված ուժեր ունի Եվրոպայում: Գիտե՞ք, թե ով է ղեկավարում: Ամերիկյան գեներալը, այն էլ՝ մշտապես, որովհետև ՆԱՏՕ-ի ֆինանսավորման 70 տոկոսն ու հիմնական ուժերը, միջուկային զենքն ունի ԱՄՆ-ն: Բնական է՝ միջուկային զենքի օգտագործումն ինչպե՞ս կարող է վստահել գերմանացուն»:
Վաղարշակ Հարությունյանը խոսեց նաև ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին՝ ասելով.
«Չեմ ուզում սա մեկնաբանել, փակ հարց է: Նշեմ միայն այն, որ որոշում է կայացվել՝ այն պետք է ռոտացիոն կարգով լինի: Առաջիկայում նիստ կգումարվի, իսկ, թե ինչ որոշում կկայացնեն՝ չեմ կարող ասել»:
Հարցին, թե գուցե հետաձգման պատճառը մյուս պետությունների կողմից ճնշումնե՞րն են, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.
«Եթե որևէ պետություն այսօր դեմ է Հայաստանին, մեր երկիրն էլ վաղը իրենց դեմ կխոսի»:
Անի Կարապետյան