hetq.am-ը, հիշեցնելով, որ «Օրանժի» ղեկավարությունը ճնշում է գործադրել «Orange Գրքի մրցանակ 2013»-ի մրցանակաբաշխության ժյուրիի վրա, որ երկրորդ փուլ անցած երեք պատմվածքներից մեկը՝ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը հանեն քվեարկությունից, քանի որ հեղինակը ցմահ դատապարտյալ է, և եթե նա մրցանակ ստանա, դա կխփի իրենց կոմերցիոն շահերին, գրում է.
««Orange Գրքի մրցանակ 2013»-ի մրցանակաբաշխությունն անարդար է եղել, և մենք այն չեղյալ ենք հայտարարում:
Այս անարդարությունը Հայաստանի անարդար համակարգի մի օղակն է, որի պատճառով Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման և 18 տարի գտնվում է բանտում: Նա հետևողականորեն պայքարում է արդարության վերականգնման համար, բարձրաձայնում բանտում հայտնված անմեղ դատապարտյալների մասին: Այս անգամ էլ իրավապահների անարդարությանը միացավ բիզնեսը՝ հանձին «Օրանժի»:
Մեր ուժերից վեր է այս պահին բանտից ազատել Մհերին, բայց մենք հիմա կարող ենք վերականգնել «Օրանժի» կողմից կատարված անարդարությունը: Մենք՝ քաղաքացիներս, «Օրանժի» մրցանակը տալիս ենք Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքին:
Մհեր Ենոքյանի մրցանակի համար կատարելու ենք հանգանակություն՝ հավաքելով այնքան գումար, ինչքան սահմանել էր «Օրանժը»՝ 300 հազար դրամ պատմվածքի տպագրության նպատակով՝ վճարելով ով ինչքան կցանկանա: Տպագրելով պատմվածքն ու այն նվիրելով Մհեր Ենոքյանին՝ մենք կվերականգնենք արդարությունը:
Ուրեմն՝ հանդիպում ենք Մաշտոցի պուրակում ապրիլի 8-ին՝ երեքշաբթի, ժամը 13:00-ից մինչև 14:00: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն հասցնի գալ, թող հետո մեկ շաբաթվա ընթացքում մոտենան «Հետքի» խմբագրություն՝ Բուզանդի 1/3, 8-րդ հարկ, ՆՓԱԿ-ի հարևանությամբ:
Կարող եք նաև զանգել «Հետք» 010 56 33 63 հեռախոսահամարով»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ լրագրող Վահան Իշխանյանը դիմել էր «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի անդամներին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել մրցանակաբաշխության արդյունքը: