Օնիկ Գասպարյանը պարտությունից հետո անելիք ուներ․․․Ափսոս․․․ Անդրանիկ Քոչարյան
Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրված էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ընթացքում բանակն էր ղեկավարում:
6 ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանդիպումը դեռ շարունակվելու է. «Պարոն Գասպարյանի՝ մեզ այցելելուց առաջ քննիչ հանձնաժողովը հրավեր էր ուղարկել եւ ներկայիս ԳՇ պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը: Մենք ունենք ցանկ ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարեւոր պաշտոնյաների, սկսեցինք ներկայիս ԳՇ պետով՝ հաշվի առնելով իր նախկին պաշտոնավարումը եւ ինֆորմացված լինելը: Հաջորդը պետք է լիներ մեր ցանկալին՝ պատերազմի տարիներին բանակը ղեկավարած զինվորական, գեներալ գնդապետ Գասպարյանը: Ես նամակ ուղարկեցի ու ի տարբերություն շատերի, որոնք կաշկանդված, վախեցած են, Օնիկ Գասպարյանը անմիջապես արձագանքեց: Այն, ինչ մենք արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր՝ սպառազինության, բանակի կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլն. «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնին ավելի ուշ անցավ, քան պետք էր, եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ, մենք բանակում բարեփոխումների ավելի մեծ ճանապարհ անցած կլինեինք»: