▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օմբուդսմենը կոչ է անում թույլ տալ վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:
 
Վերոնշյալ եզրահանգումը հիմնված է հետևյալ իրադարձությունների և իրավական փաստարկների վրա: Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր հաղորդագրությամբ նշել է, որ 15.03.2011թ-ին երեկոյան այցելել են Ազատության հրապարակ, որտեղ փորձել են հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկանները ամեն կերպ խոչընդոտել են:
 
Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ օրենսսդրության և միջազգային իրավական նորմերի վերլուծությունից բխում է հետևյալը.
 
- Խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր (այդ թվում՝ նաև նստացույցներ), ինչպես նաև այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով ամրագրված  է քաղաքացիների կողմից առանց լիազոր մարմնին իրազեկման ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու իրավունքը՝ հասարակական կարգը   չխախտելու պայմանով: 
 
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ:
 
- Հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների  տեղադրումը:
 
Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման` պետության համապատասխան պոզիտիվ պար­տա­վո­րու­թյուն­ներից,  ինչպես նաև  այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային մի­ջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:
 
Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով` կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին