2012-2013 թթ. ընտրական սեզոնը կարելի է համարել ավարտված: Առաջիկա 5 տարում իշխանության հարցը Հայաստանում լուծված է, եւ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերը գոհ են ստեղծված իրավիճակից, թե ոչ, միեւնույն է` մինչեւ 2018 թ. ՀՀԿ-ն լինելու է երկրի քաղաքական նվագախմբի առաջին ջութակը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Միեւնույն ժամանակ, ահագնանում են բարոյահոգեբանական ճգնաժամն ու նախագահ Սարգսյանի բարձրաձայնած գաղջ մթնոլորտի խորացումը: Սրա միակ պատճառը, թերեւս, կապիտալի անհավասար բաշխվածությունն ու պետական համակարգի հետ խոշոր բիզնեսի միահյուսվածությունն է... Հայաստանն Իսրայելի նման պատերազմող երկիր է, սակայն, ի տարբերություն Իսրայելի, Հայաստանում այդպես էլ չհասկացան հաղթանակի գինը, չհասկացան, որ թշնամական պետություններով շրջապատված տարածաշրջանում գոյատեւման միակ ճանապարհը արդար հասարակության կերտումն ու սոցիալական արդարության հաստատումն է, ինչը թույլ կտա պատերազմող երկրի քաղաքացուն ապրել իր երկրում ոչ ճոխ, բայց բավարարված, թույլ կտա պատերազմող երկրի քաղաքացուն ապրել տագնապը սրտում, բայց հպարտ ու պատրաստ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին: Կասկածից վեր է, որ առաջիկա հնգամյակը ճակատագրական է լինելու Հայաստանի ապագայի համար, իսկ հետընտրական ճահիճը բացահայտելու է նոր իրողություններ... Քաղաքացին այսօր փոփոխություն է պահանջում` ընտրելով չարյաց փոքրագույնի համբավ ունեցող ՀՀԿ-ն: Մեծ հարց է, թե արդյոք իշխող հանրապետականը պատրա՞ստ է եւ ունա՞կ է գնալու փոփոխությունների, չէ՞ որ նույն հանրապետականում կան եւ քրեաօլիգարխիկ շրջանակներ, եւ առողջ, բարեփոխումներ իրականացնելու տրամադրություններ ունեցող ուժեր, եւ հենց այս ուժերի մրցակցության արդյունքից է կախված իշխանության պահպանման եւ փոփոխությունների ապագան: Եթե ՀՀԿ-ի քաղաքական թեւը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, այսինքն` պահել իշխանությունը, այլ կերպ ասած` փոփոխություններ իրականացնել եւ շահել ընտրողների վստահությունը, ապա օլիգարխիկ թեւը ունի մեկ հիմնական մոտիվացիա. ամեն գնով պահպանել գործարար ազատություններն ու կուտակած կապիտալը` կանխելով նաեւ փոփոխությունները: Օլիգարխների համար բնավ էական չեն գաղափարներն ու ծրագրերը, ճիշտ հակառակը` օլիգարխների դասակարգը չունի կուսակցական, քաղաքական պատկանելություն եւ ձգտում է պահպանել միլիոններ ապահովող ստատուս քվոն: Չարչիական մտածելակերպը հայոց պատմության մեջ միշտ էլ առկա է եղել` համարվելով բազմապիսի արհավիրքների գլխավոր պատճառը, եւ Հայաստանը փրկվել է միայն ու միայն ազգանվեր, պետական մտածելակերպ ունեցող գործիչների շնորհիվ: Ուստի եւ ժամանակն է, որ պետությունն իրականացնի իր հիմնական գործառույթները` կապիտալի վերաբաշխումը, գործարար խաղի կանոնների հստակ մշակումն ու ապահովումը եւ անաչառ արդարադատության իրականացումը»,- գրում է «Իրատես de facto»-ը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Օլիգարխների համար բնավ էական չեն գաղափարներն ու ծրագրերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet