▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնել չես կարողանում, մի՛ խանգարիր

Ամառն անցավ: Սկսվում է աշունը, այս անգամ՝ իսկապես թեժ: Եվ այդ թեժության հիմքը դրել են իշխանությունները, հակառակ մշտապես ընդդիմության հայտարարագրած «թեժ» աշունների, որոնք այդպես էլ կամ չեն կայանում, կամ ձախողվում են: Իսկ աշունը թեժ է լինելու, որովհետև երկրի Հիմնական օրենքի բարեփոխումների գործընթացը չի կարող ոչ մեկին անտարբեր թողնել, եթե իրեն համարում է այս երկրի քաղաքացի, ոչ թե եկվոր կամ անցվոր: 
Նախ՝ բարի աշուն և բարի գործեր եմ մաղթում բոլորիս։ 
Ինչ սպասելիքներ կան այս աշունից.
1․Հասնել հասարակական համաձայնության սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակի հարցում։
2․Հաջողությամբ կազմակերպել և անցկացնել սահմանադրական հանրաքվեն։
3․Քաղաքական բոլոր կենսունակ ուժերին համախմբել հանուն երկրի զարգացման։
4.Սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասող քաղաքական ուժերի մեջ սերմանել իրատեսություն ու լավատեսություն։
Սա՝ նվազագույնը: Արդեն սկսվել է մի գործընթաց, որը հենց այս հունով էլ ընթանում է։ Չեմ թաքցնի՝ ճիշտ եմ համարում, որ դեմ լինեն, թե կողմ՝ քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը երկրի նախագահի հետ հանդիպում-քննարկումների է գնում։ Սա կարևոր քայլ է երկրի քաղաքական ուժերի կայացման ու համախմբման ճանապարհին։ Նրանք, ովքեր իրենց փորձում են հեռու պահել, համարժեք գնահատական ստացան Վենետիկի հանձնաժողովից՝ անտարբերն իրավունք չունի ինքզինքը քաղաքական ուժ համարել և հավակնություններ ունենալ։ Բնական է, որ գործի շահերից ելնելով՝ երկրի նախագահն իր հրավերն ընդունած կուսակցություններին պիտի լսեր ու նրանց առաջարկները քննարկեր, գնահատեր յուրաքանչյուրի տեսակետներն ու համադրեր բարեփոխումների նպատակների ու խնդիրների հետ: Սերժ Սարգսյանը քիչ է խոսում, բայց տեղին ու բովանդակալից: Նախագահականում արդեն կայացած հանդիպումների լրահոսն ակնհայտ է դարձնում՝ նրանք, ովքեր առաջնորդվում են ողջամտության կանխավարկածով, սթափ են գնահատում իրավիճակն ու զարգացումները: Նրանք, ովքեր առաջնորդվում են աբիժնիկությամբ, ովքեր այդպես էլ չկարողացան թոթափել մաղձն և չարությունը, մնացել են նույն կաղապարի մեջ: Մեկ է՝ ինչի մասին կլինի խոսքը՝ Սահմանադրության, թե փողոցային երթևեկության կանոնների, նրանք կրկնելու են իրենց հին երգացանկը: 
Այս ամողջ պատմության մեջ ավելի շատ տխրում եմ առաջին նախագահի համար՝ նրան ընկալելով որպես խորհրդանիշ և անկախ Հայաստանի պատմության մաս, տխրում եմ, որ նա այդպես էլ իրենից դուրս ոչինչ չի կարողանում տեսնել ու համարում է, որ աշխարհն իր շուրջը պիտի պտտվի, բայց մոլորակը, չգիտես ինչու, պտտվում է ինքն իր առանցքի շուրջ: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց նույնիսկ ավելի երիտասարդ տարիքում արդեն հայտնի է՝ ժամանակը չի վերադառնում ու չի վերադարձնում ոչինչ: 
Եթե չես կարողանում օգնել, մի՛ խանգարի:
Սահմանադրական փոփոխությունները երկրի զարգացման հերթական աստիճանն են, մենք պատրաստվում են կառավարման համակարգ փոխել: Ո՞վ է ասում, որ ռիսկեր չկան, որ բոլոր քայլերը հալած յուղի պես հեշտ ու հանգիստ են տրվելու: Շատ լավ է, որ կողմ ու դեմ կարծիքների բախում կա, շատ շահեկան է, որովհետև ՀՀ նախագահը ոչ մի խելամիտ խոսք ու առաջարկ ականջի հետև չի գցում: Սա անձնական գործ չէ: Սա պետության գոյության հիմքերը հանգուցող հարց է, երբ ոչ մեկս չենք կարող անտարբեր լինել ու պահանջներ ներկայացնել միայն: 
Ոչ իշխանական ուժերն այնքան են իրենց ամեն քայլը, անգամ հազն ու փռշտոցը համաժողովրդական գործ ու շարժում որակել, որ հիմա «համաժողովրդական» հասկացությունը դարձել է կիսատ-պռատության ու մշտապես թողնել-հեռանալու խորհրդանիշ: Իշխանությունն ուզում է իսկապես համաժողովրդական համաձայնության հասնել երկրի Հիմնական օրենքի բարեփոխումների հարցում, որովհետև այդկերպ է տեսնում Հայաստանում համակարգային փոփոխությունների ու կառավարման համակարգի կատարելագործման ռեալ հնարավորությունները: 
Կրկնում եմ՝ օգնել չես կարողանում ու չես ուզում, մի խանգարի, հատկապես՝ չես հաջողելու։
Ամենահեշտը «ոչ» ասելն է: Ասա ու գնա, բայց հետո չգաս ու չհարցնես՝ ինչո՞ւ:
 

 

Մարգարիտ Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին