Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցման խնդրին: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը և չխախտեն իրենց օդային սահմանները» :
Հարցազրույցում Էրդողանը նաև ասել է, որ դեպքից հետո ինքը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել նրան և մինչև այսօր չի զանգահարել իրեն:
Էրդողանը մեկնաբանել է Ռուսաստանի այն պնդումները, թե Թուրքիան օգնում է «Իսլամական պետություն» խմբավորմանն ապօրինի արդյունահանված նավթի վաճառքի հարցում:
Նա նման պնդումների հեղինակներից պահանջել է ապացույցներ ներկայացնել, «հակառակ դեպքում՝ Թուրքիային ոչ ոք իրավունք չունի զրպարտել», փոխանցում է «Սաբահ»-ը։
«Եթե դա չապացուցեն, ապա դա Թուրքիայի Հանրապետության դեմ մեծ անարգանք կլինի»,-ասել է նա՝ հայտարարելով, որ եթե դա ապացուցվի, ապա ինքը պատրաստ է թողնել պաշտոնը։
Էրդողանը նշել է նաև, որ թուրքական կողմը չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը` պնդելով, որ այն հատել է թուրքական սահմանը։ Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: