Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետի հետ միասին ծաղկեպսակ է դրել Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում, դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, ով երբևէ այցելել է Երկրորդ աշխարհամարտի առաջին ատոմային ռումբի թիրախ դարձած այս քաղաքը:
Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում Օբաման ասել է, որ 1945 թվականի օգոստոսի 6-ի մասին հիշողությունները երբեք չպետք է մարեն։ Սակայն ներողություն չի խնդրել ԱՄՆ-ի կողմից աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ կիրառելու համար:
Նախագահը բացատրել է թե, ինչու է ինքը որոշել այցելել Հիրոսիմա, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս նախագահների:
«Այսօր կանգնած ենք այս քաղաքի կենտրոնում և փորձում ենք մեզ ստիպել, պատկերացնել այն պահը, երբ պայթեց ատոմային ռումբը: Ստիպում ենք մեզ զգալ այն սարսափը, որը պատել էր խուճապահար երեխաներին: Հիշում ենք այդ դաժան պատերազմի զոհերին և դրան նախորդած ու դրան հետևած բոլոր պատերազմների զոհերին»:
Հիրոսիմայում ատոմային ռումբը խլել է ավելի քան 140 հազար մարդու կյանք, իսկ Նագասակիում նետված երկրորդ ռումբի հետևանքով մահացել էր 74 հազար մարդ: Երկրորդ աշխարհամարտից հետո այս վայրը բոլորովին ուրիշ էր, այստեղ միայն ածխացած քարեր և փլատակներ էին:
Այժմ Հիրոսիման կրկին կյանքով լեցուն նավահանգստային գործուն քաղաք է: Սակայն ցավալի հիշողությունները միշտ ուղեկցում են բնակիչներին: Օբաման հանդիպել է պայթյունից փրկված երկու մարդկանց և նրանց ընտանիքների հետ: Նա ասել է, որ անցյալի ցավալի հուշերը օգնում են ավելի լավ ապագա կառուցել:
«Այստեղ աշխարհը հավերժ փոխվեց: Սակայն այսօր քաղաքի երեխաները օրը կանցկացնեն խաղաղության մեջ: Դա անչափ թանկագին բան է: Դա արժե պահպանել և ընձեռել յուրաքանչյուր երեխայի: Դա ապագան է, որը մենք կարող ենք ընտրել: Ապագա, որտեղ Հիրոսիման և Նագասակին ճանաչված են, ոչ միայն ատոմային ռումբի հետևանքով կործանվելու համար, այլ նաև նոր բարոյական վերածննդի համար»:
Բարաք Օբաման և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ատոմային ռումբի պայթյունի և Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրել Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում:
Հարցումները ցույց են տալիս, որ թեև նախագահ Օբաման ներողություն չի խնդրել ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբ կիրառելու համար, այնուամենայնիվ Ճապոնիայի բնակչության մեծ մասը ողջունում է նրա այցը Հիրոսիմա: Բարաք Օբաման դարձել է ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, ով երբևէ այցելել է Հիրոսիմա: