RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձր գնահատական է տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին։
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Պուտինն Օբամային իրազեկել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ անցկացված եռակողմ հանդիպման արդյունքների մասին։
Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն առաջնորդվել է հակամարտության գոտում իրավիճակի արագ կայունացմանն աջակցելու անհրաժեշտությամբ և խաղաղության գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմամբ։
Բարաք Օբաման իր հերթին բարձր է գնահատել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը։ Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը այդ կարևոր ուղղությամբ։