▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք խոշտանգեցին 104-ամյա Հայկա տատիկին, ով 6 տարով ավելի մեծ էր, քան Ադրբեջանը. Սամվել Ֆարմանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ազատ դեբատի ժամանակ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։

Պատգամավորը նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցած վերջին հարձակումները և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը զգոնության միանշանակ ուղերձ էր։ Մարդիկ վտանգի մեջ են, և նրանց կյանքին սպառնում են ամենաբարբարոս ձևերով։ Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ինստիտուտները, խորհրդարաններն ապացուցեն, որ ուժեղ են այնքան, որ կարող են լուծել աննախադեպ մարտահրավերները։

«Մենք պետք է ապացուցենք, որ չկա կոմպրոմիս, երբ խոսքը վերաբերում է ամենահիմնարար իրավունքին՝ կյանքի իրավունքին։

Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանի զորքերը վերջերս սանձազերծեցին լայնածավալ ագրեսիա ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ողջ շփման գծով, և առաջացավ նոր տերմին՝ քառօրյա պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին մահացու հարձակողական զենքեր, որոնք ձեռք էին բերել վերջին 20 տարիներին՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտումներով»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։

Պատգամավորը բարձրաձայնեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է միջազգային իրավունքի առանցքային փաստաթղթերին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկիի եզրափակիչ ակտին, և այլն։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին, որի արդյունքում սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, և ևս երկու երեխա ծանր վիրավորում ստացան դպրոցի ռմբակոծման արդյունքում։ Ադրբեջանի զինված ուժերը իրենց տանը սպանեցին տարեցներին, կտրեցին նրանց ականջները։

«Նրանք սպանեցին նաև 92-ամյա Մարուսյա Խալափյանին և խոշտանգեցին 104-ամյա Հայկա տատիկին, ով 6 տարով ավելի մեծ էր, քան Ադրբեջանը որպես պետություն։ Բոլոր սպանվածներն ու խոշտանգվածները ծեր էին և տկար։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը գլխատվեցին Ադրբեջանի զորքերի կողմից։ Այո՛, գլխատվեցին «Իսլամական պետության» ոճով»,-ասաց Սամվել Ֆարմանյանը՝  նշելով, որ այս ամենը միջազգային պայմանագրերի խախտում է։

Պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի զորքերի և քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացրել են բազմաթիվ ահաբեկչություններ, որոնք միջազգային օրենքներով բնորոշվում են որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ արված հանցագործություններ։

«Բոլորը՝ Ադրբեջանի իշխանությունները և այն մարդիկ, ովքեր կատարել են պատերազմական հանցագործություններ, պետք է պատասխանատվություն կրեն միջազգային օրենքների խախտման և պատերազմական հանցագործությունների համար։ Ես կոչ եմ անում վեհաժողովին՝ դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած բռնությունները և կոչ անում Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատշաճ հետաքննություն։ Ես նաև կոչ եմ անում միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների միջազգային օրենքների, միջազգային հումանիտար իրավունքի և ընդհանրապես միջազգային իրավունքի խախտումները»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին