«Իրավիճակն Արցախում այս պահին համեմատաբար կայուն է: Որևէ դիվերսիոն գործողություն չի կատարվում: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել Տավուշում, մեզ համար նույնքան ցավալի է, ինչպես օրինակ եթե այն տեղի ունեցած լիներ Արցախում. սա ողջ հայությանն է վերաբերում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Վերջինիս խոսքով`Ադրբեջանի այս քայլը կարող է լինել խորամանկություն.
«Չի բացառվում, որ նրանք իրենց այս քայլով փորձում են շեղել ու կենտրոնացնել մեզ ՀՀ սահմաններին` Արցախին անակնկալ հարված հասցնելու մտադրությամբ: Ընդհանրապես Ադրբեջանը սովորություն ունի Նոր տարվա նախաշեմին նման ստոր քայլերի դիմել, այլ կերպ ասած` «մեզ յուրովի են շնորհավորում»: Բացի այդ իրենց մոտ դեկտեմբերի 31-ը նշվում է որպես ադրբեջանցիների միասնության օր, և հենց դա էլ իրենց պարտավորեցնում է դիմել ահաբեկչական գործողությունների. ինչ կարող եմ ասել, արհեստական մի տոն, արհեստական ժողովրդի կողմից: Ալիևի և նրա վարչախմբի սանձազերծած գործողության հետևանքով ունեցանք զոհեր ոչ միայն մենք, այլև` հակառակորդը: Ինձ հետաքրքիր է` ադրբեջանական կողմն ինչպե՞ս է ծնողներին բացատրելու որդիների մահը: Սա անբարոյականության գագաթնակետն է, իսկ անբարոյական պետության հետ խոսել տրամաբանական լեզվով ոչ միայն չի կարելի, այլև խստիվ վտանգավոր է»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը Հայաստանի և Արցախի ուղղությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:
ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց:
Հավելենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և վիրավորներ:
Ա.Հարությունյան