▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրա խաղաոճը համապատասխանում է Պրեմիեր լիգային». Մխիթարյանը՝ ֆուտբոլային աստղերի բնորոշմամբ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին տարիներին ամենաքննարկվող անձնավորությունն է հայկական ֆուտբոլում: Նա իր հրաշալի տվյալների և անհավանական աշխատասիրության շնորհիվ հաջողությունների է հասել Ուկրաինայի և Գերմանիայի ուժեղագույն թիմերում, իսկ այժմ էլ հանդես է գալիս աշխարհի մեծագույն ակումբներից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:

ArmFootball.com-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում լավագույն մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք ֆուտբոլային աշխարհի հայտնի ներկայացուցիչները հնչեցրել են Մխիթարյանի հասցեին:

Ժոզե Մոուրինյո («Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ)

«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով մեծ օգուտ է տվել իր նախկին ակումբներին և ազգային հավաքականին: Նա իսկական թիմային խաղացող է, ով փայլուն տվյալներ ունի: Հենրիխը հրաշալի է տեսնում խաղադաշտը, շատ արդյունավետ է նաև գրոհները եզրափակելու տեսանկյունից: Ես շատ ուրախ եմ, որ նա որոշեց պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Կարծում եմ՝ նա այստեղ հաջողությունների կհասնի, քանի որ նա խաղաոճը համապատասխանում է Պրեմիեր լիգային»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արսեն Վենգեր («Արսենալի» գլխավոր մարզիչ)

Մխիթարյանը շատ լավ կիսապաշտպան է: Նախորդ մրցաշրջանում դրան գումարվեց նաև արդյունավետությունը մրցակիցների դարպասը գրավելու առումով: Եթե չեմ սխալվում, նա 10 գոլ է խփել Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում, ինչը նրան ավելի վտանգավոր է դարձնում: Կարծում եմ, որ հայ ֆուտբոլիստն ինչ-որ նոր բան կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդին» »:

Միրչա Լուչեսկու («Շախտյոր Դոնեցկի» նախկին գլխավոր մարզիչ)

«Մխիթարյանին առաջին անգամ նկատեցի, երբ նա դեռ 17 տարեկան էր: Նա ժամանակին նախընտրեց տեղափոխվել «Մետալուրգ», իսկ հետո ես ինքս դիմեցի «Շախտյորի» նախագահին, որպեսզի անպայման պայմանագիր ստորագրենք Հենրիխի հետ: Նա շատ կրթված տղա է: Տպավորված էի նրանով, երբ իմացա, որ կարողանում է շփվել 5 լեզուներով: Նա շատ բան է տվել մեր ակումբին: «Շախտյորն» աճեց Մխիթարյանի հետ, իսկ ինքն էլ զարգացրեց իր որակները: Ես միշտ կհետևեմ նրա ելույթներին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Յուրգեն Կլոպ («Բորուսիա Դորտմունդի» նախկին գլխավոր մարզիչ)

«Մխիթարյանը վաղուց էր հայտնվել իմ ուշադրության կենտրոնում: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով լավ է տեղաշարժվում խաղադաշտում, վտանգավոր է հարձակման գծում: Նա այդ ամենը ցուցադրել է միջազգային բարձրակարգ հանդիպումներում: Կարծում եմ՝ այժմ արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում այն, որ մենք իրավացիորեն ենք այդչափ գումար վճարել նրա տրանսֆերի ձեռքբերման դիմաց: Հենրիխը կարողանում է խաղալ տարբեր դիրքերում: Նա իր արագության և շարժունակության շնորհիվ ունակ է հանդես գալ այնտեղ, որտեղ պետք է թիմին: Ես տպավորված եմ նրա ելույթներով»:

Թոմաս Տուխել («Բորուսիա Դորտմունդի» գլխավոր մարզիչ)

«Մխիթարյանը շատ կարգապահ և աշխատասեր ֆուտբոլիստ է: Նա իսկական օրինակ է իր թիմակիցների համար՝ մարզումների ժամանակ ցուցաբերած աշխատասիրության տեսանկյունից: Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ունեցել մարզելու այսպիսի ֆուտբոլիստի: Նա կարող է խաղալ ինչպես կիսապաշտպանության կենտրոնում, այնպես էլ եզրերում: Նրա նման ֆուտբոլիստները քիչ են: Շատ տխրեցի, երբ որոշեց հեռանալ «Բորուսիայից»: Ես նրան շատ կկարոտեմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանս-Յոահիմ Վացկե («Բորուսիա Դորտմունդի» գործադիր տնօրեն)

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ Հենրիխի ելույթները: Իր առաջին իսկ մրցաշրջանում նա 13 գոլ խփեց և 9 գոլային փոխանցում կատարեց: Դա հիանալի արդյունք էր՝ հաշվի առնելով, որ սա նրա համար նոր երկիր և մշակույթ է: Մխիթարյանի որակները լիովին համապատասխանում են մեր թիմին: Մխիթարյանն իսկական «10 համարի» ֆուտբոլիստ է: Հույս ունենք, որ նա «Բորուսիայի» հետ կկապի ապագայի իր հեռանկարները»:

Իլկայ Գյունդողան («Բորուսիա Դորտմունդի» նախկին կիսապաշտպան)

«Մխիթարյանի համար հեշտ չէին «Բորուսիայում» անցկացրած առաջին 2 տարիները: Նա այն ֆուտբոլիստն է, ում լիակատար աջակցություն է հարկավոր՝ լավագույն որակները ցուցադրելու համար: Միաժամանակ, «Բորուսիան» էլ որոշ խնդիրներ ուներ, ինչը խանգարում էր Հենրիխի հարմարվելու գործընթացին: Բայց, շնորհիվ աշխատասիրության, նա հասավ նրան, որ նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» իսկական առաջատարն էր և անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում: Կարծում եմ, որ նա կարող է իրեն լավ դրսևորել նաև «Մանչեսթեր Յունայթեդում» »:

Հ. Գ. Մխիթարյանի մասին հիացական կարծիքներ են արտահայտել ֆուտբոլային շատ այլ անձինք ևս: Հուսով ենք, որ Մխիթարյանը դեռ շատ անգամ իր մասին խոսեցնել կտա մասնագետներին և երկրպագուներին:

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին