«1998-2006թթ. ընթացքում Նախիջևանի տարածքում ավերվեց հայկական ողջ նյութական ժառանգությունը.վանքեր, եկեղեցիներ, տապանաքարեր, խաչքարեր և այլն: Դրանց թիվը մոտ 27.000 էր: Սա աննախադեպ երևույթ է, վանդալիզմ, որի նկատմամբ առ այսօր Հայաստանի Հանրապետությունը մեծ անտարբերություն է ցուցաբերում: Նույնիսկ բարոյական առումով մենք չկարողացանք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը՝ շարունակելով.
«Բազմիցս եմ դիմել ՀՀ կառավարությանը, պատկան մարմիններին, որպեսզի Նախիջևանի վերաբերյալ առկա միակ փաստագրական նյութը(լուսանկարներ, չափագրություններ) դարձնեն պետական սեփականություն: 15000-ի չափ նյութեր են, որոնցից գնվել է միայն 500-ը՝ 2011 թվականին: 2013 թվականին ավստրալիական համալսարաններից մեկը սկսեց բանակցել ինձ հետ և 3D տարբերակով կփորձենք նորագույն տեխնոլոգիաներով վերականգնել Ջուղայի գերեզմանատունն իր խաչքարերով: Խոսքը շուրջ 2500 խաչքարի մասին է: Մշտական ցուցադրություն է լինելու Սիդնեյում և Հայոց ցեղասպանության թանգարանում»:
Անի Կարապետյան