Երաժշտական պրոդյուսեր Կարեն Մարգարյանի նախաձեռնությամբ Հայաստանում օրեր առաջ ավարտվել են «Հազար գույներ» անվամբ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երգի, երաժշտության հեղինակը հենց Կարեն Մարգարյանն է, և այն գրվել է դեռևս 2004-ին և զետեղվել է Կարեն Մարգարյանի համանուն ձայնասկավառակում: 2009-ին «Հազար գույներ»-ի համար ամերիկաբնակ Արշալույս Դարբինյանի կողմից գրվել են նաև երգի խոսքերը:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Մարգարյանն ասաց, որ «Հազար գույներ» երգի ստեղծումից տարիներ անց տեսահահոլովակ են նկարահանել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և տեսահոլովակի պրեմիերան էլ համապատասխանաբար կայանալու է հենց այդ օրը.
«Որոշեցինք տեսահոլովակ նկարահանել, որում օգտագործել ենք 2009-ին «Nokia» թատրոնում տեղի ունեցած «Armenian music awards» մրցանակաբաշխությունից վերցված հատվածներ, ինչպես նաև նոր նկարահանումներ ենք անցկացրել, որոնց մասնակցել են երգիչներ ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ Հայաստանից, այդ թվում` Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Էռնա Յուզբաշյանը, Արթուր Իսպիրյանը, Անդրեն, Արմինկան, Էմմին, Գրիգոր Աղախանյանը, Լանա Խաչատրյանը, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները, Աննա Խաչատրյանը, Հովհաննես Շահբազյանը, Սոֆի Մխեյանը, Արա Մարտիրոսյանը, Ալլա Լևոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Լիլիթ Մռավյանը, ինչպես նաև հնչել է դուդուկ Ջիվան Գասպարյան կրտսերի նվագակցությամբ»:
Հաշվի առնելով, որ Հայաստանին ձոնված շատ երգեր կան, բնականաբար, կա վտանգ, որ նոր ստեղծագործությունը կարող է ոչնչով չտարբերվել, ինչի վերաբերյալ էլ Կարեն Մարգարյանն ասաց.
«Չեմ ուզում որևէ մեկին փնովել, բայց մեր երգը շատ դրական և ուրախ է ստացվել` թե ռիթմի, թե կառուցվածքի, թե խոսքերի տեսանկյունից, առավել ևս, որ Հայաստանին նվիված երգերի մեծ մասն իսկապես լացակումած են»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան