Հուլիսիս 4-ից առաջին անգամ Սյունիքի մարզում անցկացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը (KIMF) կտևի մինչև հուլիսի 14-ը ` նպատակ ունենալով մշակույթի միջոցով բերել նոր հույս և տոկունություն Հայաստանի այս սահմանամերձ տարածաշրջանին։
Փառատոնը, որ անցկացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, հանրության ուշադրությունն է հրավիրում Սյունիքի վրա՝ խթանելով մշակույթի պահպանում և զարգացում, ու քաջալերելով երիտասարդ խոստումնալից հայ երաժիշտներին՝ վարպետության դասերի,աշխատարանների, սեմինարների ու աշխարհահռչակ երաժիշտների համերգներին մասնակցելու միջոցով:
Խթանելով տեղական մշակութային կյանքը, տուրիզմը՝ փառատոնը ուշադրություն է հրավիրում դեպի այս հրաշալի, սակայն վերջերս նաև խոցելի դարձած տարածաշրջանը՝ իր մի շարք մարտահրավերներով՝ կապված դեռ չլուծված հակամարտության և,մասնավորապես՝ 2020-ի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անկայունության հետ։
Այն ոգեշնչում և խրախուսում է տեղացի երեխաներին և երիտասարդներին՝ շարունակել երաժշտական կրթությունը, ինչպես նաև` վստահություն է հաղորդում նրանց՝ հասնելու նպատակներին և կերտելու խոստումնալից մասնագիտական ապագա:
Փառատոնին մասնակցում են շուրջ 70 ուսանողներ՝ Կապանից և Հայաստանի այլ քաղաքներից, Կապանի երաժշտության ուսուցիչներ և 20 և ավելի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ՝ արհեստավարժ երաժիշտներ և դասախոսներ Հայաստանից ու արտերկրից:
KIMF-ի միջոցառումները անվճար են և բաց Կապանի բնակչության ու այլ ցանկացողների համար, սակայն դրա հիմնական թիրախն են երաժշտությամբ զբաղվող 10-23 տարեկան երեխաներ, երիտասարդներ։ Փառատոնը ներուժ ունի դառնալու ամենամյա իրադարձություն նաև իր առանցքային դարձած, փառատոնի միջոցով ձեռք բերված STEINWAY D դաշնամուրի միջոցով, որը այլևս զարդարում է Կապանի արվեստի պետական քոլեջի «Երգեհոնային դահլիճը»։
Բոլոր շահառու մասնակիցների համար փառատոնը նաև կարևոր հարթակ է ՝ կապեր ստեղծելու և մասնագիտական շրջանում ընթացիկ շփումները շարունակելու համար։
Փառատոնը Կապանին կտա համբավ և ճանաչելիություն երաժիշտների և երաժշտասերների շրջանում, ինչը զարկ կտա նոր համերգներ կազմակերպելու, այստեղ հրավիրելու մեծանուն երաժիշտներին և նրանց հանդիսատեսին տարբեր քաղաքներից և արտերկրից վերականգնելով երբեմնի «Հարավային մայրաքաղաքի» , «Հարավային ֆիլհարմոնիայի» դերը։
Փառատոնի բոլոր նորություններին կարող եք ծանոթանալ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի ֆեյսբուքյան էջում։
Հավելենք, որ «Կապանի միջազգային երաժշտական փառատոն»-ի շրջանակում, Կապանի համայնքապետարանին կից այգում տեղի ունեցավ բացօթյա ոչ ֆորմալ արվեստի գործողություն նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի հետ։ Արվեստի գործողությունը քաղաքային բնության իրական ռիթմերի համադրությամբ ստեղծեց գույների հրավառություն, համայնքային տոն։