«Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի ելույթների մասին՝ նրան համարելով մանկունյական թիմի լավագույն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում:
«Հպարտ եմ, որ անձամբ ծանոթ եմ Հենրիխի հետ: Ես նրա հետ հաճախ եմ շփվում: «Մանչեսթեր Յունայթեդի» բախտը բերել է, որ Մխիթարյանը խաղում է այնտեղ: Նա մարդ է, ով սիրահարված է ֆուտբոլին և միայնակ է հասել բոլոր հաջողություններին: Հենրիխը մեծ ցանկություն ուներ խաղալու Անգլիայում, այլապես ամռանը կտեղափոխվեր բարձրակարգ այլ առաջնություն: Նա այլ երկրներից բազմաթիվ առաջարկներ է ունեցել: Նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ ուզում էր բոլորին ապացուցել, որ պատրաստ է օգնելու թիմին:
Չեմ հասկանում, թե նա ինչու է հաճախ քննադատության արժանանում: Կարծում եմ՝ նա լավագույնն է «Յունայթեդում» իր ցուցադրած խաղով: Այո, կարող ենք առանձնացնել նաև Դե Խեային, ով վաղուց է Մանչեսթերում: Բայց սա իմ գուցե ոչ օբյեկտիվ կարծիքն է՝ Մխիթարյանն այս մրցաշրջանում լավագույն ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչ վերաբերում է ապագային, ապա Հենրիխը շատ երջանիկ է Մանչեսթերում: Այնտեղ խաղալը նրա մանկության երազանքն է եղել, որն իրականացրել է: Կարծում եմ՝ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում կբարելավի իր խաղը: Չեմ կարող վստահորեն ասել՝ ովքե՞ր ամռանը կտեղափոխվեն Մոուրինյոյի թիմ, բայց վստահեցնում եմ՝ Մխիթարյանը մնալու է այնտեղ, այլ ոչ թե հայտնվելու է, օրինակ, իմ սիրելի ակումբում՝ «Յուվենտուսում»»,- ասել է Առուստամյանը: