ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ մենք նման տիպի ընտրություն, հանրաքվե չենք ունեցել. «Եթե դուք ասում եք համատարած խախտումներ, չկան նման տիպի երևույթներ»,-այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է նա:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում սահմանադրական հանրաքվեն ցածրորակ նկարչություն համարեց.
«Նման արդյունք չէի սպասում, նման գործելակերպ չէի ուզում սպասել, բայց գիտեի, որ հնարավոր է ու սրանց նմաններից սպասելի»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Բայց մեկ բան հստակ է ԱԻՄ առաջնորդի համար. «Ինձանից կախվածն արեցի ու կանգ չեմ առնելու»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 1997 տեղամասերի արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 566 հազար 782 անձից մասնակցել է 1 միլիոն 303 հազար 221-ը՝ 50,77 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 50 հազար 323 քվեաթերթիկ:
Անի Կարապետյան