«Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, այնպես ինչպես Ալեքսանդր Նեւսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: Եվ ինչպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի եւ ազգայնականության հետ որեւէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգայնական չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի եւ անհարկի է այդ հարցի շահարկումը»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Վերջինս մասնավորաբար ասել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: ԱԺ փոխխոսնակը հիշեցնում է, որ 1939 թվականին ՍՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Գերմանիայի հետ համաձայնագիր ստորագրեց`չհարձակվելու մասին, բայց ոչ ոք նրան ֆաշիստ կամ ազգայնական չի համարում. «Բոլորը հասկանում են, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց, քանի որ բխում էր ՍՍՀՄ-ի եւ սովետական ժողովրդի շահերից, որպեսզի կանվեր ֆաշիստական Գերմանիայի հնարավոր հարձակումը: Նույնը եղել է Նժդեհի պարագայում. նա համագործակցեց Գերմանիայի հետ, որպեսզի Գերմանիայի հաղթանակի դեպքում հնարավոր լինի կանխել Բեռլինի դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»: