«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր «ասուլիս» կտա, որին, ըստ կառավարությունում շրջանառվող շշուկների, մասնակցելու են այն լրատվամիջոցները, որոնց ընտրությունը կատարել է ֆեյքերի ՊՈԱԿ համբավը վաստակած գերատեսչության նախկին ղեկավար, այժմ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Հատկանշական է այն, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ Փաշինյանը պատասխանելու է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` ոչ թե հեռահար տարբերակով` Հանրային հեռուստաընկերության միջոցով, այլ ուղիղ աչքերի մեջ նայելով: Սակայն, նրա «դուխի» հետ կապված «տեխնիկական» խնդիրներ են առաջացել: Այսպիսով` «ասուլիսին» հրավիրյալ լրատվամիջոցների ցանկից դուրս են մնացել արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Իրավունքը»:
Մասնավորապես` չեն հրավիրվել այն լրագրողները, ովքեր այս կամ այն փուլում աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի ականջին ոչ հաճո հարցեր հնչեցնելով: Թե ի՞նչ բացատրություն ունեն այս ամենի վերաբերյալ կառավարության լրատվականի ներկայացուցիչները, այդպես էլ պարզել չհաջողվեց, որովհետեւ կապի միջոցներով հանդերձ «իջել են ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը»:
Ի դեպ, «ասուլիսի» կազմակերպման ողջ գործընթացը կազմակերպվել է «տակից», չկա դրա վերաբերյալ որեւէ հայտարարություն կառավարության կողմից, չկա մամլո հաղորդագրություն եւ անգամ փաշինյանական ֆեյսբուքյան գրառում: Միայն որոշ ԶԼՄ ներկայացուցիչների զանգել են ու ասել, թե հրավիրված են, որից ոմանք շոյվել են, ոմանք էլ որոշել բոյկոտել:
Այդուհանդերձ, մի քանի տասնյակ ԶԼՄ ներկա կլինի Փաշինյանի ասուլիսին` ապահովելով թոք-շոուն: Իհարկե, մեր ընթերցողները կհիշեն, որ ժամանակին միասնական բոյկոտ կար ԶԼՄ-ների կողմից, անգամ Փաշինյանի հեռահար ասուլիսներին չմասնակցելու, բայց, արի ու տես, որ իրավիճակ է փոխվել: Խորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ Ազգային ժողով, որոշ լրագրողներ էլ` Փաշինյանի «ասուլիսներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում