«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է», «80-ականների զենքի էջը փակում ենք». երկու մտքի հեղինակն էլ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է: Առաջին հայտարարությունն արել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 20-ին, երկրորդը՝ պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 5-ին: Քանի որ ոչ միայն վարչապետը, այլեւ նրա թիմակիցները նախկինում արած հայտարարություններից հետ կանգնելու ու «դա չենք նկատի ունեցել» ասելու բնավորություն ունեն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա խոսքը որպես աքսիոմ ընդունողների համար մանրակրկիտ բացատրենք՝ «փակված է»-ի ու «փակում ենք»-ի լեզվաբանական տարբերությունը: Առաջինի դեպքում «փակված» հարակատար դերբայը ստորոգյալի մի մասն է՝ ստորոգելին:
Օժանդակ բայի հետ ստորոգյալ դառնալով՝ ցույց է տալիս կատարված եւ ավարտված գործողություն, ժամանակը՝ անցյալ: «Փակում ենք»-ը նույնպես նախադասության ստորոգյալն է, նրա ժամանակը, սակայն, անկատար ներկան է, այսինքն՝ գործընթացը դեռեւս չի ավարտվել, խոսքին զուգահեռ այն իրագործվում է: 80-ականների զենքի էջը փակելու տրամաբանության մեջ էին տեղավորվում, ըստ երեւույթին, Փաշինյանի մեկ այլ՝ «Սու-30»-ների մասին հայտարարությունները: «Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ»,- 2019-ի դեկտեմբերի 27-ին հպարտորեն հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
44-օրյա պատերազմից հետո, սակայն, պարզվեց, որ գերժամանակակից ՍՈւ-երն առանց հրթիռի են եղել. «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, եւ, այո, չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել»: 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման ու զինված ուժերի վերազինման աշխատանքների մասին լիազոր մարմինը՝ Պաշտպանության նախարարությունն առ այսօր որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, ու այդպես էլ բաց է մնում, թե, ի վերջո, «ամոթալի» այդ էջն օրվա իշխանությունները դեռ բացում-փակում են, թե բավարարվում են, օրինակ, զինվորին ելակ տալը որպես չլսված ձեռքբերում ներկայացնելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում