ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր Հրազդանի քաքաղապետ Արամ Դանիելյանի տարածած հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել եւ լուսանկարահանել:
Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաեւ՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության ապահովումը:
ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով թող պարզի.
1. Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի:
2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:
3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը:
4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում»:
Հրազդանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկածու Արամ Դանիելյանի շտաբի հայտարարությունն ամբողջությամբ եւ տեսանյութը՝ ստորեւ.
«Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ:
Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը և ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որևէ աղերս չունեցող, գործողությունները ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը: Կից ներկայացնում ենք տվյալ զարհուրելի փաստը հաստատող լուսանկարներ և տեսանյութի հղումը»: