Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մոտալուտ հրաժարականի մասին լուրերի շուրջ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է...
Մի քանի հարց ու, եթե կարելի է այդպես բնորոշել՝ պատասխան ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն»․ - Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ կառավարության ղեկավարի՝ վարչապետի փոփոխության: Նման փոփոխությունների անհրաժեշտություն կա՞ այսօր:
Սահակյան․ - Նախևառաջ դա պիտի բնորոշվի, որպեսզի ես էլ եզրակացության գամ: Դեռևս որևէ բան ես այս պահին չեմ կարող ասել:
«Ազատություն»․ - Այսինքն՝ բնորոշվի ասելով ի՞նչ նկատի ունեք: Ո՞ւմ կողմից բնորոշվի:
Սահակյան․ - Թե՛ կուսակցության, թե՛ նախագահի, թե՛ ընդհանրապես մեր քաղաքական կյանքում: Որևիցե բնորոշում պիտի լինի, որ հիմա ես Ձեզ ասեմ: Դուք հենց ընենց, թերթերից լսել եք և ամեն մեկը իր կարծիքն է ասում, հիմա հարց եք տալիս: Ես ասում եմ՝ այս պահին ես պատրաստ չեմ նման հարցի պատասխանելու:
«Ազատություն»․ - Պարո՛ն Սահակյան, Դուք բնորոշման մասին եք խոսում, բայց արդեն անուն է հնչում նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյան, նախկին քաղաքապետ:
Սահակյան․ - Շատ հասկանալի է, ես էլ եմ կարդացել, բայց որովհետև հարցը իմ ներկայությամբ լիարժեքորեն չի քննարկվել, դրա համար ես որևէ բան չեմ կարող այդ մասին ասել:
Նշենք, որ ինքը՝ Երևանի նախկին քաղաքապետ, գործարար Կարեն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնում իր հավանական նշանակումը: