▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարները` ժողովրդի անտարբերության, Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին


Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, որը հիմնականում վերաբերում էր Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, հինգ` Հայաստանի կրթության և գիտության, էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի և  սոցիալական հարցերի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարները հանդես եկան պարզաբանումներով.

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անդրադառնալով մեծ հնչեղություն ստացած բիոզուգարանների խնդրին՝  նա ասաց․

«Եթե զուգարանները դիտարկում ենք եկամուտ ստանալու նպատակով, ապա, այո, դրանք անարդյունավետ են: Այդ զուգարաններն ունեցել են կոնկրետ նպատակ, որ դրանք լինեն լավագույնը»:

ՀՀ ֆինանսների նախարար  Դավիթ Սարգսյանը խոսեց  էլեկտրոնային գնումների համակարգի, բողոքարկման կարգի մասին` նշելով, որ իրոք էլեկտրոնային գնումների համակարգում խնդիր կա:

Ըստ այդմ, կհրապարկվեն հաղթողները, պետգնումներում հավասար պայմանների համար հնարավորություններ կընձեռվեն, կօգտագործվեն ստանդարտ հայտարարություններ, բողոքարկումների հնարավորություններ և այլն:

Ինչ  վերաբերում է պետգնումների ոլորտում ապրանքների գներն ավելի թանկ ձեռք բերելուն, քան իրականում կան, Դավիթ Սարգսյանն ասաց, որ գնումների դաշտում պետությունը մոնիտորինգ է անում: Կարելի է համոզված լինել, որ ապրանքատեսակների մասով վերանայումներ կլինեն.

Ֆինանսների նախարարը համաձայն չէ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ պետական բյուջեի ծախսերից 700 մլրդ դրամը ռիսկային են:

«Նախ՝ այդքան գնումներ չունենք: Գնումների պլանը, որ հաստատում ենք տարվա սկզբին, ընդհանուր առմամբ 262 մլրդ դրամ է: Դրանք միայն պետական բյուջեով ուղղակիորեն ծախսվող գումարներն են, որին պետք է ավելացնել վարկային (միջազգային) ծրագրերով ծախսվողները, որից հետո կկազմի 445 մլրդ դրամ: Դրա 130 մլրդ դրամը աշխատավարձ է՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, պոլիկլինիկաների բժիշկների: Աշխատավարձը հանենք՝ մնում է՝ 300-310 մլրդ դրամ»,- փաստեց նախարարը:

«Ես ընդունում եմ Վերահսկիչ պալատի արձանագրած թերացումները, որոշ մասի վերաբերյալ ներկայացրել ենք մեր դիտարկումները: Թերացումները ընթացակարգային են, ինչը նշվել է հաշվետվության մեջ»,-նշեց նախարարը:

Հարցին, թե արդյոք համակարծի՞ք է, որ պետական միջոցները թալանվել են, նախարարն ասաց, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ. «Միայն սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը պետական բյուջեում կազմում են 280 մլրդ դրամ, իսկ պետական ծառայողների աշխատավարձերը պետական բյուջեում կազմում են 300 մլրդ դրամ, թոշակների և նպաստների մասով խախտումներ չեն արձանագրվել, և դա նշանակում է, որ արդեն չեմ կարող համաձայնել դրա հետ»,-նշեց նախարարը:

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաձայնեց արձանագրված թերությունների հետ, որոնք վերաբերել են տուն-ինտերնատներին, գիշերօթիկներին. «Արձանագրվել են տարաբնույթ խախտումներ, որոնք ընթացակարգային են և դրանց հետ մենք համաձայն ենք»,-ասաց նախարարը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տարօրինակ չէ՞ հասարակության անտարբերությունը,  Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ճիշտ է երկու կողմերի տրամադրած տեղեկատվությունը լսելը և եզրակացություն անելը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անդրադառնալով բյուջեի՝ թալանված լինելու վերաբերյալ հարցին` ասաց, որ բյուջեն չի կարող թալանվել.

«Մեր ամենօրյա աշխատանքը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, բոլոր նախարարները գտնվում են իրենց տեղում: Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի՝ «բյուջեն թալանված է» արտահայտությունը»:

Արդյունքում Վերահսկիչ պալատի արձանագրած թերացությունները բոլոր նախարարներն էլ ընդունեցին, ճիշտ է, ոմանք մասամբ, բայց և խոստացան վերացնել բոլոր թերությունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին