Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ և՛ իր, և՛ Հայաստանի քաղաքացիների գնահատականով, այդ խոսքերը դաշնակցային, եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են: «Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս 100 տարի առաջ ճանաչել է և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ համարել է, որ այն գործողությունները, որոնք Օսմանյան կառավարությունն իրականացրել է հայերի նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ, և այդ հանցագործությունը պետք է պատժվի: Դա վկայում է Ռուսաստանի քաղաքականության հետևողականության մասին: Դրա համար իրապես շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալություն, որ Դուք եկել եք: Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխան խոսքում ՌԴ Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հրավերի համար և ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի, հայ ժողովրդի և ռուս ժողովրդի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ ժողովուրդների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: «Այդ ամենը շատ խորը պատմական արմատներ ունի: Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք և այդպիսին կլինենք ապագայում: Այսօր մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են: Այժմ չեմ խոսի քաղաքականության մասին, այն ինքնըստինքյան հասկանալի է, մենք աջակցում ենք միմյանց միջազգային հարթակներում: Սերտորեն աշխատում են մեր արտաքին գործերի նախարարությունները, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը: Տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն: Չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին, մենք առևտրաշրջանառության աճ ունենք, և կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան: Ռուսաստանյան կապիտալի ներդրումները Հայաստանում աճում են, բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը ռուսաստանյան ծագման ներդրումներ են: Ինձ շատ հաճելի է այսօր այստեղ գտնվել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ խոսել մեր փոխգործակցության ամբողջ համալիրի մասին: Շնորհակալություն հրավերի համար»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Տեսանյութը`a1plus.am-ի