▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱՏՕ-ի նորացված ցուցակը

Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական գաղտնի ծառայության պատասխանատուների տարած բանակցությունների արդյունքում կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անվան ներառված չլինելը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Երեւույթը խոսում է նաեւ այս բոլոր գործընթացներին Արեւմուտքի կամ աւելի մասնակի ԱՄՆ-ի ներգրավվածության կամ հովանավորչության մասին. գուցե նաեւ՝ գործընթացի ուղղակի նախաձեռնողականության։ Շատ բան է գրվել ու գրվում քրդական գարնան, Քրդստանի ստեղծման հավանականության տեսանելիության մասին՝ տարածաշրջանում իրականցվող նոր բաժանարար ծրագրերի եւ նոր քարտեզագծման մի ընդհանուր պարունակում։

Բնական ու պարզ է, որ հայկական կողմը այս բոլոր գործընթացները պիտի դիտարկի իր ոսպնյակից եւ փորձ կատարի հաշվարկելու դիպաշարի զարգացումների հավանական ազդեցությունները հայկական կողմի վրա։

Անմիջական թեժ կետը Սիրիայի քրդերն են։ Իրոք, քրդական գործոնի ակտիվացումը, Անկարա-Օջալան բանակցությունների թափը, զինադադարի եւ հրադադարի հաստատման անվերջ կրկնվող կոչերը առհասարակ աշխուժացան, Սիրիայում բռնկված պատերազմին համընթաց։ Սիրիայի քրդերը անմիջական հարևան են Թուրքիայի քրդերին. նրանց համախմբված, կազմակերպված եւ զինված ներկայությունը լրջագույն սպառնալիք է Անկարայի համար։ Սիրիայի քրդերը Սիրիայի պատերազմի ընթացքում պահեցին դիրքորոշման ինքնուրույնություն։ Դամասկոսը պատերազմի առաջին օրերից կիրառեց իր երկրում տեղակայված քուրդ ազգաբնակչությունը սիրաշահելու քաղաքականություն։ Թվում է, թե այս քաղաքակունությունը, եթե մի կողմից տվեց իր արդյունքը առ այն, որ քրդերը հակաիշխանության պայքարին չմիացան, մյուս կողմից գուցե նաեւ չտվեց առաջադրված մի այլ արդյունք. քրդերը չընդդիմացան նաեւ տեղի հակակառավարական այն ուժերին, որոնք վայելում են Անկարայի զինուժի եւ ֆինանսավորման հոգատարությունը։

Քրդերին հաջողվեց պահել ինքնուրույնությունը, չներքաշվել պատերազմական հակամարտության մեջ եւ ստեղծել իրողապես ինքնավար շրջան։ Սա հասկացան հակամարտող կողմերը, որոնցից ոչ մեկը հետեւողական ոտնձգության չդիմեց, նախընտրելով չշահել քրդերի հակադրությունը։ Ճիշտ է, Սիրիայի քրդերը իրենց հերթին ունեն որոշ ճյուղաւորումներ։ Տարբեր շրջաններում տեղի են ունեցել բախումներ, կամ հակակառավարական ուժերի կողքին շրջափակման գործողությունների մասնակցություններ։ Փաստը մնում է փաստ, որ զանգվածային ներքաշում չի եղել եւ ոչ էլ ուղղակի մասնակցություն իբրեւ հստակ կողմ այս պատերազմին։

Փորձենք կենտրոնանալ Անկարա-քրդեր հարաբերությունների ունենալիք հաւանական ազդեցությունների վրա, որովհետեւ թեժ օրակարգը այս պահին վերաբերվում է Անկարա-Օջալան բանակցությունների ուղղակի թե անուղղակի արդյունքներին։

Հրադադարը թվում է, թէ դյուրաբեկ է։ Արյունալի բախումները շարունակվում են հակառակ Օջալանի անունից կատարվող հայատարարություններին։ Հրադադարը երկկողմանիորեն հարգվող իրավիճակ է։ Եթե մի կողմն այն չի հարգում, հատկապես նման դեպքում, երբ խնդիրը չի ունեցել իր հանգուցալուծումը, դժվար թե իրականանա խաղաղությունը։ Թեկուզ այս իրավիճակում, ո՜չ Սիրիայի քրդերը, ո՜չ էլ Թուրքիայի, Տրոյական ձիու դեր չեն ուզում ստանձնել փաստորեն։

Ուրեմն, երբ հանգուցալուծումը չի կայացել, երբ հրադադարը լիարժեք չի պահպանվում, ապա ի՞նչն է մղել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստի խմբագիրներին Քրդստանի աշխատավորական կուսակցության անունը չներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

ՆԱՏՕ-ի այս քայլն էլ փորձենք դիտարկել մի ընդհանուր պարունակի մէջ, հիշելով ԱՄՆ պետքարտուղարության վերլուծության բաժանմունքի հրապարակած կանխատեսումերը առաջիկա տասնամյակների վերաբերյալ։ Այնտեղ սեւով սպիտակի վրա խոսվում էր Քրդստանի կայացման մասին։

Իսկ Քրդստանը ինքնին խոսում է տարածաշրջանին վերաբերող նոր քարտեզագծումների մասին, որը միեւնույն վերլուծությունում մեկնաբանվում է իբրեւ Թուրքիայի մասնատում։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի  գլխավոր խմբագիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին