Նարեկ Մակարյանն արական սեռի միակ ներկայացուցիչն է, որն անցել է «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլ ու պայքարում է լավագույնի տիտղոսը նվաճելու համար: BRAVO.am-ի հետ զրույցում 20- ամյա երգիչը խոսել է երաժշտական անցուդարձից եւ ոչ միայն:
Երբ առաջին անգամ բարձրացա նախագծի բեմ, չէի պատկերացնում, որ կհասնեմ եզրափակիչ փուլ: Իհարկե, ցանկությունը մեծ էր, բայց գիտակցում էի, թե որքան աշխատանք է պահանջվելու ինձնից:
«Հայաստանի ձայնն» արդեն իսկ ինձ տվել է ավելին, քան ես սպասում էի: Նախագծի ընթացքում կատարել եմ այնպիսի հրաշալի ստեղծագործություններ, որոնց գուցե երբեք չանդրադառնայի, եթե չլիներ իմ և մարզչիս` Սոֆիի միասնական աշխատանքը:
Եզրափակիչ անցած չորս մասնակիցն էլ արդեն իսկ «Հայաստանի ձայներն» են: Ես բոլորիս էլ հաղթող եմ համարում:
Յուրաքանչյուր մարզչից` Արտոյից, Թաթայից, Սոնայից, շատ բաներ եմ քաղել:Իրենց խորհուրդներին հետեւելով` ավելի փորձառու եմ դարձել, ինչի համար խորապես շնորհակալ եմ բոլորին: Նրանց շատ սիրում ու հարգում եմ:
Եզրափակչում հայտնված միակ տղան եմ ու, իհարկե, շատ լավ հարաբերությունների մեջ եմ երեք գեղեցկուհիների հետ: Նրանք հրաշալի մրցակիցներ են:
Երբ փոքր էի, երազում էի նվաճել թենիսի առաջնության գավաթը: Բայց այնպես ստացվեց, որ այսօր գրավում եմ հանդիսատեսի սրտերը :):
Այս պահին սիրտս ազատ է, սակայն փնտրում եմ այն աղջկան, որն իրոք պատրաստ կլինի ինձ հետ անցնել իմ ընտրած բարդ ճանապարհը: