Asekose.am-ի տեղեկություններով, Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Լոնդոնից վերադարձել է Երևան, սակայն առայժմ գաղտնի է պահում իր հանդիպումների մանրամասներն ու որևէ ակումբ տեղափոխման հետ կապված որոշումը:
Ավելին` Asekose.am-ի աղբյուրները նշում են, որ 24-ամյա Հենրիխ Մխիթարյանը հասկացրել է, որ իր ֆուտբոլային կարիերայի հարցում նաև ու հատկապես հենց իր խոսքն ու ցանկությունը պետք է նկատի առնվի:
Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կեսը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին և Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին:
Դրանից հետո Օլեգ Մկրտչյանը խոսեց ու ասաց, որ Մխիթարյանի իրավունքների 50%-ը պատկանում է ինձ, ոչ թե Ռուբեն Հայրապետյանին, իսկ ինքը` Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ինքը հանդես գա Եվրոպական ավելի լավ ակումբում:
Անցած օրերին, ըստ մամուլի, Հենրիխ Մխիթարյանը գտնվում էր Լիվերպուլում, որտեղ բանակցություններ էր վարում ուկրաինական Շախտյորից անգլիական ակումբ իր տեղափոխման վերաբերյալ:
Միևնույն ժամանակ տեղեկություն տարածվեց, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել ոչ թե Լիվերպուլ, այլ Բորուսիա, իսկ այսօր էլ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հերթական առաջարկն է ստացել, այս անգամ Մախաչկալայի Անժիից:
Asekose.am-ը կփորձի տրանսֆերային բանակցությունների մասին մանրամասներ ներկայացնել առաջիկայում: